Արմինֆո. Վաղվանից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շուրջօրյա ակցիաներ է սկսում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության: Վաղվա հանրահավքի ժամանակ կհրապարակվի ՔՊ գործողությունների ճանապարհային քարտեզը:
Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, շուրջ 10 օր (ապրիլի 7-ից մինչև 17-ը) Սերժ Սարգսյանը չի գտնվի իշխանության ղեկին: «Մեր խնդիրն է՝ բողոքի ակցիաների ճանապարհով խոչընդոտել իշխանություն նրա վերադարձին»,- հայտարարել է Փաշինյանը: Ըստ որում, նա հույս է հայտնել, որ Հայաստանի քաղաքացիներն ակտիվություն կցուցաբերեն այդ նպատակի իրականացման համար:
Այնուամենայնիվ, Փաշինյանը կրկին ընդգծել է, որ ՔՊ-ն ոչ բռնի պայքարի կողմանկից է, և կհամագործակցի այն ուժերի հետ, որոնք նույնպես կիսում են այդ սկզբունքը: «Նույնիսկ եթե մեր նկատմամբ ուժ գործադրվի, մենք չենք պատասխանի դրան»,- հավաստիացրել է պատգամավորը:
Ի պատասխան այն հարցին, թե ինչպես է կուսակցությունը դիմակայելու իրավապահների հնարավոր բռնի գործողություններին՝ Փաշինյանը հայտարարել է. «Մենք կդառնանք մեկ զանգված, ձեռք ձեռքի կտանք՝ այնպես, որ մեզ դժվար լինի բաժանել: Ամենահամարձակները հարվածն իրենց վրա կվերցնեն»:
Նշենք, որ ապրիլի 7-ին լրանում են Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, սակայն ինչպես իր հարցազրույցում հասկացրել է պետության ղեկավարը, նա, ամենայն հավանականությամբ, ապրիլի 17-ին կառաջադրվի վարչապետի պաշտոնում՝ չնայած այդ պաշտոնին չհավակնելու ավելի վաղ տված խոստմանը: