Արմինֆո. Մարտի 30-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսի հետ։
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ երկու երկրները կապված են հազարամյակների խորքից եկող բազմաթիվ պատմական և մշակութային կապերով, և Հայաստանը կարևորում է դարավոր բարեկամ Հունաստանի հետ հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ընդգծել է, որ իր երկիրը բարձր է գնահատում փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-հունական միջպետական փոխհարաբերությունները, հավելելով, որ Հունաստանում ամենանջերմ զգացումներն ունեն Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ու ցանկանում են հնարավորինս զարգացնել համակողմանի փոխգործակցությունը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել պաշտպանական ոլորտում հայ-հունական ընդլայնվող համագործակցության կապակցությամբ։
Նախարարներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը, բազմակողմ հարթակներում համագործակցության առավել սերտացմանը։ Հանդիպման օրակարգում էր հայ-հունական հարուստ իրավապայմանգրային դաշտի առավել ընդլայնումը։
Նախարար Նալբանդյանը Փանոս Կամենոսին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։
Հունաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է իր երկրի մոտեցումները մերձավորարևելյան իրադարձությունների և բալկանյան զարգացումների շուրջ։