Արմինֆո. Հայաստանը Հունաստանին սատարում է Թուրքիայում կալանավորված երկու հույն զինծառայողների ազատ արձակման հարցում: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` այսօր Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
«Առիթն օգտագործելով ուզում եմ հայտնել նաև իմ սատարումը նախարար Կամմենոսին այն մոտեցումների համար, որ նա արտահայտել է Թուրքիայի կողմից այժմ պահվող երկու զինծառայողներին օր առաջ ազատ արձակելու հարցի շուրջ: Հատկապես Սուրբ Հարության օրվան ընդառաջ կարծում եմ, որ պետք է բարի կամքի դրսևորում լինի և բոլոր հարաբերություններում պետք է գերիշխի փոխադարձ հարգանքի և միմյանց նկատմամբ ավելի ճկուն մոտեցումների կարողությունը: Մենք մեր սատարումն ենք հայտնում Հունական կողմին այս խնդրում՚, - հայտարարել է Վիգեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ հունական կողմի տեղեկատվության համաձայն, մարտի 1-ին հույն զինվորականները Էվրոսի շրջանում վատ եղանակի պատճառով սխալմամբ մտել էին թուրքական տարածք և ձերբակալվել էին թուրք զինվորականների կողմից: Թուրքիայում հույն զինվորականներին մեղադրել են ապօրինաբար ռազմական տարածք ներթափանցելու համար, և նրանց սպառնում է լրտեսության համար մեղադրանք: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Աթենքը կշարունակի Թուրքիայից պահանջել հույն զինծառայողների ազատ արձակում և ակնկալում է ԵՄ աջակցությունը: