Արմինֆո. «Պաշտպանական համակարգեր՚ միջպետական ֆինանսա-արդյունաբերական խումբը Երևանում սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է փոքրաչափ ԱԹՍ-երի դեմ ռադիոէլեկտրոնային պայքարի «Ռեպելենտ» համալիրը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ընկերության առաջատար ինժեներ, մոսկվացի Անդրեյ Տրունովը, համալիրը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար և դրանք հայտնաբերում է 5-10 կմ հեռավորության վրա, վերլուծում է ազդանշանը, միացնում է խոչընդոտման սարիչը և շարքից հանում ԱԹՍ:
Տրունովի ասելով, Հայաստանը նույնպես մասնակցում է արտադրության ծրագրերին: Նա նաև հաղորդել է, որ ցուցահանդեսում դրանք առաջին անգամ են, և ակնկալվում են հետաքրքիր առաջարկներ: Նա նաև տեղեկացրել է, որ հայկական կողմն առայժմ այդ համակարգը չունի: «Հայաստանն ունի այլ մոդիֆիկացիայի «Ռեպելենտ՚, որի խնդիրները փոքր-ինչ այլ են` ավելի մեծ հեռավորության համար՚, - ճշտել է ռուսաստանցի ինժեները: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք համալիրն ի զորու է պայքարել արտասահմանյան արտադրության ԱԹՍ-երի դեմ, ինչպես, օրինակ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում, երբ Ադրբեջանը կիրառեց իսրայելական արտադրության հարվածային ԱԹՍ-եր, Տրունովը նշել է, որ համակարգը նախատեսված է հենց նման դասի ԱԹՍ-ների դեմ պայքարի համար:
«Պաշտպանական հնամակարգեր՚ միջպետական ֆինանսա-արդյունաբերական խումբն ստեղծվել է 2000 թվականին Ռուսաստանի և Բելառուսի միջև միջպետական համաձայնագրով: «Պաշտպանական հնամակարգերն՚ ԱՊՀ-ում միակ ուղղահայաց ինտեգրված կառույցն է, որն ապահովում է ՀՕՊ համակարգերի արդիականացմամբ զբաղվող 24 ռուսական և 3 բելառուսական պրոֆիլային ձեռնարկությունների համագործակցությունը: Այն բազմապրոֆիլ ընկերություն է, որի գործունեության ուղղություններից մեկն է ՀՕՊ համակարգերի մշակումն ու արտադրությունը:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև մարտի 31-ը: Որպես ցուցահանդեսի կազմակերպիչ հանդես են գալիս ՀՀ պաշտպանության նախարարությունը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, «Ցուցահանդեսային ընկերությունների միավորրում՚ ՓԲԸ: Ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցում են 14 երկրների 30-ից ավելի ընկերություններ, այդ թվում` Ռուսաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և այլ երկրներից, ինչպես նաև հայկական ընկերությունների ներկայացուցիչներ: