Արմինֆո. Մարտի 29-ին կառավարության նիստում հավանություն է տրվել ՀՀ քրեական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կբարձրանա պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտի կիրառման արդյունավետությունը, կապահովվի դրա բնականոն գործունեությունը: Մասնավորապես՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը կսկսվի բացառապես դատապարտյալի դիմումի հիման վրա, դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը կգնահատվի ողջամիտ ժամկետում, որը հնարավորություն կտա կատարել բազմակողմանի ուսումնասիրություն: Պրոբացիայի ծառայությունը ներգրավված կլինի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման հարցի որոշման հենց սկզբնական փուլում, ինչը հնարավորություն կտա համապարփակ պատկերացում կազմել այն դատապարտյալի ռիսկերի և կարիքների մասին, ով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում կդառնա պրոբացիայի շահառու:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ասելով, ուղղումները նպատակաուղղված են գործող օրեսդրության համապատասխանեցմանը ՀՀ սահմանադրության պահանջներին: Քանի որ վաղաժամկետ ազատմանը կամ պատժաչափի մեղմմանն առնչվող ՀՀ նախագահի լիազորությունները փոխվել են, ապա փոխվում է նաև այդ հարցի լուծման համակարգը: Փոխվում են նաև հարցի լուծման նկատմամբ հայեցակարգային մոտեցումները: Մասնավորապես, առաջարկվում է ներդնել ևս երկու ծառայություն` քրեակատարողական և պրոբացիայի, որոնք զուգահեռ ռեժիմով, միմյանցից անկախ կուսումնասիրեն կալանավորի դիմումը: Եթե երկու ծառայությունները դրական եզրակացություն են տալիս, հարցը տեղափոխվում է դատարան: Դրանցից մեկի բացասական եզրակացության դեպքում կալանավորն իրավունք է ստանում պահանջել դատարանում հարցի քննարկում: Իսկ երկու ծառայությունների բացասական եզրակացության դեպքում կալանավորը դատական կարգով հնարավորություն է ստանում վիճարկելու այդ որոշումները: