Արմինֆո. Իրականության մեջ կարևորն այն է, որ Ադրբեջանը ձերբազատվի իրականությունից հեռու լեզվաբանական մտավարժանքներից և վերադառնան կառուցողական դաշտ: Այդ մասին մարտի 27-ին Երևանում Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Գիտեք, Բաքուն մեկ ասում էր, որ պետք է բովանդակային, այսպես կոչված սուբստանտիվ, տրամաբանական բանակցություններ վարել, ասես թե մինչև այժմ այդ բանակցությունները ոչ բովանդակային էին, ոչ էլ տրամաբանական: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր այդ երկրի նախագահը երկու տասնյակից ավել ամենաբարձր մակարդակով հանդիպումներին մասնակցում, եթե դրանք անբովանդակային էին և անտրամաբանական:
Հիմա, հաջողությամբ ավարտելով «բովանդակային և տրամաբանական բանակցությունների փուլը», անցան արդեն մի նոր փուլի, որն իբրև թե եռանախագահողների կողմից կրեատիվ ինչ-որ առաջարկների հիման վրա է շարունակվելու: Ինչ կրեատիվության մասին է խոսքը: Միգուցե այն կրեատիվության, որը բխում է Ադրբեջանի, ինչպես ավելի մեղմ ձևակերպեմ, ոչ այդքան առողջ երևակայությունից:
Այդպիսի կրեատիվության դրսևորում է, երբ մեր մայրաքաղաք 2800-ամյա Երևանը, և Հայաստանի այլ շրջաններ հռչակվում են Ադրբեջանի պատմական տարածքներ: Կամ Բաքվի կրեատիվության հայտնի մի այլ դրսևորում` մշտական ուժի սպառնալիքը: Միգուցե իրենք նոր հնարք են գտել, բացատրելու համար, թե ինչու են հրաժարվում եռանախագահ երկրների կողմից ամենաբարձր մակարդակով արված առաջարկներից՝ նրանց հինգ հայտարարություններում պարունակվող հայտնի սկզբունքներից և տարրերից, որոնք մշակված են որպես մեկ ամբողջություն: Միգուցե Բաքվում գտնում են, որ այդ առաջարկությունները կրեատիվ չէին, ստեղծագործական չէին, այլ ինչ-որ պրիմիտիվ, պարզունակ առաջարկություններ էին:
Բաքուն իրեն իրավունք է վերապահում գնահատելու, որ առաջարկներն են կրեատիվ, որոնք՝ ոչ, սպասելոով, որ այդ առաջարկները դառնան իրենց համար ընդունելի կրեատիվ:
Իրականության մեջ կարևորն այն է, որ իրենք ձերբազատվեն այս, իրականությունից հեռու լեզվաբանական մտավարժանքներից և վերադառնան կառուցողական դաշտ, առաջին հերթին իրականացնեն իրենց ստանձնած պարտավորությունները և հարգեն հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Վերջին կրակովյան հանդիպանը, երբ մենք եռանախագահողների առաջարկությամբ համաձայնություն ձեռք բերեցինք ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներակայացուցչի թիմի կարողությունները և դրա մասին հայտարարվեց, թե եռանախագահող երկրների, թե Հայաստանի կողմից: Մինչև այժմ Ադրբեջանը հրաժարվում է հարգել և իրականացնել այդ պայմանավորվածությունները և անգամ հղում կատարել դրանց։
Եվ ոչ միայն Կրակովում, դրանից առաջ էլ բազմաթիվ անգամ է դա պատահել: Միգուցե Ադրբեջանն ի զորու չէ կառուցողական դաշտ վերադառնալ, ուրեմն Ադրբեջանին կառուցողական դաշտ պետք է վերադարձնել»,- ասել է Նալբանդյանը: