Արմինֆո.«Կարծում եմ, որ հայտարարություններով, թե Երևանը և Զանգեզուրն Ադրբեջանի պատմական տարածքներն են, Ալիևը միայն թուլացրել է իր դիրքերը միջազգային ասպարեզում»: Այդ մասին ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Զատուլինը նշել է, որ այդ հայտարարությունն արվել է բացառապես ներքին լսարանի համար: «Չեմ կարծում, թե Ալիևի տարածքային հավակնությունների մասին հայտարարություններն պետք է լուրջ վերաբերել»,- նշել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ազերբայջան՚ կուսակցության վերջին համագումարում իր ելույթյում նկրտումներ էր արտահայտել Երևանի և Զանգեզուրի նկատմամբ՝ դրանք անվանելով «պատմական ադրբեջանական տարածք՚ և հայտարարելով, թե ադրբեջանցիները «պետք է վերադառնան՚ այդ հողեր: «Դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է, և մենք փուլ առ փուլ պետք է մոտենանք այդ նպատակին՚, - ասել էր Ալիև՝ ընդգծելով, թե բոլոր տարածաշրջանային նախագծերից Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «ադրբեջանական տարածքներն ազատագրված չեն՚: