Արմինֆո.Այսօր Սիրիայի հյուսիսում բնակվող հայերին վտանգ չի սպառնում: Այդ մասին մարտի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:
«Մեր հայրենակիցներին կարող է վտանգ սպառնալ այն դեպքում, եթե Թուրքիան դեպի Սիրիայի հյուսիս խորանալու փորձ ձեռնարկի, բայց, կարծում եմ, միջազգային խոշոր դերակատարները թույլ չեն տա անել դա»,- ասել է Մանոյանը: Այդ համատեքստում նա ավելացրել է, որ Անկարան այսօր գտնում է, որ հաջողության է հասել սիրիական Աֆրինում գործողությունում, սակայն գործնականում ամեն բան այլ է, և քրդական զինված ստորաբաժանումներն ընդամենը որոշել են հեռացնել իրենց ուժերը և պարտիզանական պատերազմ մղել թուրքական զինված ուժերի դեմ:
Նա ցավով փաստել է, որ սիրիական ճգնաժամը վաղուց դադարել է տեղային լինել, և ավելի շատ տարածաշրջանային խաղացողներ են ներգրավվում հակամարտությունում: Մանոյանի խոսքով, մեծանում է նաև Թուրքիայի ախորժակը, որն այժմ սպառնում է ներխուժել նաև իրաքյան Սինջար: «Կարծում եմ, որ եթ Անկարան, անուամենայնիվ, որոշի ներխուժել Սինջար, ապա, ամենայն հավանականությամբ, Իրաքյան Քուրդիստանի ուժերը և Իրաքի զինված ուժերը, չնայած ներքին հակասությունների առկայությանը, կհամախմբվեն Թուրքիայի ԶՈւ դեմ պայքարում: Նրանք չեն հանդուրժի Անկարայի կողմից նման գործողությունները»,- ասել է Մանոյանը:
Դաշնակցականը գտնում է նաև, որ ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցներն այսօր պատանդ են դարձել Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքում: Նրա խոսքով, իրենք մինչև հիմա հանդուրժում են Թուրքիայի բոլոր գործողությունները, քանի որ վախենում են 1916 թ. սցենարի կրկնությունից, երբ Անկարան բացեց սահմանները, և հազարավոր փախստականներ ներխուժեցին Եվրոպա: Սակայն, Մանոյանը գտնում է, որ այդ իրավիճակը երկար տևել չի կարող՝ նույնիսկ Անկարայի այդ լավ խաղի պարագայում, որը բավական հմուտ կերպով օգտագործում է իրեն ընձեռված հնարավորությունները:
Միաժամանակ ՀՅԴ ներկայացուցիչը փաստել է, որ Էրդողանը կշարունակի իր քաղաքականությունը նույն ոգով՝ ընդհուպ 2019 թ. նախատեսված նախագահական ընտրությունները:
Մեկնաբանելով ընթացիկ տարվա ապրիլին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպումը՝ Մանոյանը համոզմունք է հայտնել, որ Կրեմլն այդ հանդիպմանը մատնացույց կանի Անկարային այն կարմիր գծը, որը պետք չէ անցնել Սիրիայի առնչությամբ: «Կարծում եմ, որ կքննարկվեն նաև մի շարք երկկողմ հարցեր: Սակայն, մեզ համար կարևոր է, որ ռուս-թուրքական տնտեսական փոխգործակցությունը չվերաճի տնտեսականի: Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը որևէ լավ բան Հայաստանին չի խոստանում: Պատմության ընթացքում բազմիցս ականատես ենք եղել դրան»,- ասել է Մանոյանը: