Արմինֆո. Երևանում անցկացվել է Բուլղարիայի պատմությանն ու մշակույթին նվիրված միջոցառում` ԵՄ խորհրդում երկրի նախագահության շրջանակում:
Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցոտկովա-Կայմատչիևան, մասնավորապես, ընդգծել է, որ սա առաջին միջոցառումն է ԵՄ խորհրդում երկրի նախագահության շրջանակում, և խորին համոզմունք հայտնել, որ ԵՄ խորհրդում Բուլղարիայի նախագահությունը Հայաստանում երկրի ճանաչելիությունը բարձրացնելու լավ հնարավորություն է: «Չնայած այն հանգամանքին, որ մեր փոխգործակցությունը ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, կարծում եմ, որ համագործակցության համար առկա է բավականին լուրջ չօգտագործված ներուժ՚, - նշել է դիվանագետը:
Միջոցառման ընթացքում դասախոսություններով հանդես են եկել բուլղարացի պատմաբաններ, որոնք պատմել են Բուլղարիայի հին արվեստի գանձերի, միջնադարյան ձեռագրերի, երկրի տարածքում պահպանված հուշարձանների մասին:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Բուլղարիան վեց ամսով ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը: