Արմինֆո.Մարտի 22-ին կառավարության նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2017 թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը:
Ինչպես հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ներկայացնելով փաստաթուղթը, նոր շրջանակային համաձայնագիրը կարևոր է այն առումով, որ նոր գործընկերային մակարդակի է բարձրացնում Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունները և կոչված է կարգավորելու դրանք առաջիկա տարիներին: Այդ համաձայնագիրն ավելի ծավալուն է և համապատասխանեցված է երկկողմ հարաբերությունների էությանն ու խորությանը:
Ինչպես նշել է փոխարտգործնախարարը, համաձայնագրի դրույթները համապատասխանում են այլ ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: «Համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը, որը Հայաստանը ԵՄ հետ ստորագրել է 2017 թվականի նոյեմբերին, լիովին ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ ԵՄ վերջին պետությունը տեղեկացնի ներպետական ընթացակարգերի ավարտի մասին: Առայժմ վավերացման բոլոր ընթացակարգերն ավարտել է միայն Էստոնիան՚, - հայտարարել է Քոչարյանը:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է փոխարտգործնախարարը, Հայաստանը ԵՄ-ից ծանուցում է ստացել այն մասին, որ համաձայնագրի առանձին դրույթների ժամանակավոր կիրառման համար եվրոպական կողմն ավարտել է ներպետական ընթացակարգերը` չսպասելով վերջնական վավերացմանը: «Սակայն, դրա համար հարկավոր է, որպեսզի Հայաստանն ավարտի վավերացման ընթացակարգերը՚, - պարզաբանել է Քոչարյանը:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ ՀՀ և ԵՄ միջև համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, Հայաստանի կողմից կվավերացվի ապրիլին կայանալիք քառօրյայի ընթացքում, և Հայաստանի կողմից համաձայնագրի վավերացումից հետո այն ուժի մեջ կմտնի հատվածաբար: «Ապրիլին կզբաղվենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման հարցով: Վերջերս Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց այն մասին, որ ԵՄ հետ համաձայնագիրը չի հակասում մեր Սահմանադրությանը: Խորհրդարանում հերթական նիստի ժամանակ մենք կզբաղվենք այդ հարցով, հստակ ժամկետներ նշել չեմ կարող, բայց հավաստիացնում եմ, որ ապրիլին համաձայնագիրը կվավերացվի»,- ասել էր Աշոտյանը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրինության ղեկավարի հարևանության քաղաքականության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով տեղակալ Կատարինա Մատերնովան հայտարարել էր, որ լուրջ խոչընդոտներ չի տեսնում ԵՄ և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի վավերացման համար: «Ես չգիտեմ, թե արդյոք համաձայնագիրն այս տարի կվավերացվի, սակայն լուրջ խոչընդոտ չեմ տեսնում՚, - հայտարարել էր նա: Եվրահանձնաժողովի ներկայացուցչի կարծիքով, վավերացումը բարդ չի լինի` ինչպես Ուկրաինայի պարագայում: «Այն ժամանակ Նիդերլանդներում հանրաքվե էր ընթանում, ինչն զգալիորեն դանդաղեցրեց այդ գործընթացը; Բացի այդ, այն անհամեմատ ավելի խորը համաձայնագիր էր՚, - պարզաբանել էր Կատարինա Մատերնովան:
Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության՚ գագաթնաժողովի հարթակներում Հայաստանն ստորագրեց ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը, որն ուժի մեջ կմտնի Հայաստանի և ԵՄ անդամ 28 երկրների խորհրդարանների կողմից վավերացումից հետո: