Արմինֆո.Հայաստանի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները բավականին զգուշավոր մեկնաբանություններ են կատարում Ժիրայր Սեֆիլյանի և նրա կողմնակիցների նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռի վերաբերյալ:
Այսպես. «Ծառուկյան՚ դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, թե վստահ է, որ Ժիրայր Սեֆիլյանն իր հայրենիքի նվիրյալ քաղաքացի է և բազմիցս դրսևորել է իր նվիրվածությունը Հայաստանին: «Բոլորին հայտնի է Սեֆիլյանի ավանդը Արցախի համար ազատագրական պատերազմում: Սակայն, ես ձեռնպահ կմնամ Սեֆիլյանի և նրա կողմնակիցների նկատմամբ դատավճռի վերաբերյալ մեկնաբանություններից, ես իրավաբան չեմ: Միևնույն ժամանակ, թույլ եմ տալիս, որ դատավճիռը կարող է չափազանց կոշտ լինել հայրենասերի համար՚, - եզրափակել է Բոստանջյանը:
«Ելք՚ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն, իր հերթին, չի ցանկացել գնահատական տալ կայացված դատավճռին: «Դժբախտաբար, ես չեմ կարող գնահատական տալ այդ դատավճռին, քանի որ իրավաբան չեմ: Սակայն, հնարավոր է, առաջիկայում «Ելք՚ խմբակցությունը հանդես գա այդ մասին հայտարարությամբ՚, - հայտարարել է Նազարյանը: Գրեթե համանման պատասխան է տվել դաշինքի մեկ այլ պատգամավոր` Արտակ Զեյնալյանը, որը Ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից է եղել: Իսկ ահա խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր, որ Սեֆիլյանի նկատմամբ դատավճիռը «Սերժ Սարգսյանի ստեղծած կեղծ պետության կեղծ դատարանի կեղծ դատավճիռ է՚:
Իսկ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները, որին ժամանակին հարել է Ժիրայր Սեֆիլյանը, հրաժարվել են պատասխանել այդ հարցին` միմյանց փոխանցելով էստաֆետը:
Հիշեցնենք. մարտի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Սեֆիլյանի և մյուսների գործով կայացված որոշման համաձայն, Հիմնադիր խորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10,5 տարվա ազատազրկման, նույն գործով անցնող Գևորգ Սաֆարյանը` 5 տարի ազատազրկման, իսկ Ներսես Պողոսյանը, Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը, Սասունիկ Կիրակոսյանը և Հովհաննես Նիկողոսյանը` 4 տարի ազատազրկման: Ինքը` Ժիրայր Սեֆիլյանն, այդ դատավարությունը որակել է քաղաքական հաշվեհարդար: Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարության ընթացքում իրավական նորմերի բազմամթիվ խախտումներ են բացահայտել նաև միջազգային փորձագետները: «Ժառանգություն» կուսակցությունը դատապարտել է Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ մյուսների նկատմամբ դատավճիռը` այն համարելով քաղաքական հաշվեհարդար: Մարտի 20-ի դատավճռի առնչությամբ մտահոգություն են հայտնել Հայաստանի վեց հասարակական կազմակերպություններ: Նրանց տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «…սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հետապնդում ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ, ինչը վկայում է քաղաքական գործունեության հանդեպ տեղի ունեցող ոտնձգության մասին՚: