Արմինֆո. Պաշտոնական այցով Ստոկհոլմ ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին հանդիպել է Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի հետո:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրին՝ Շվեդիայի ԱԳ նախարարը նշել է, որ մեծապես կարևորում է Հայաստանի հետ ընդլայնված համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում, ինչն արտացոլվել է վերջին տարիներին ավանդական դարձած փոխայցելությունների և քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնել է, որ այցելության ընթացքում նոր պայմանավորվածություններ ձեռք կբերվեն հայ-շվեդական բարեկամական համագործակցության առավել խորացման և ընդլայնման նպատակով։
Էդվարդ Նալբանդյանը և Մարգոտ Վալստրյոմը գոհունակությամբ արձանագրել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջև ամուր և բարեկամական համագործակցություն է ծավալվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, ակտիվ են միջխորհրդարանական կապերը: Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, շրջակա միջավայրի պաշտպանության, վերականգնվող էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության խորացման շուրջ: Նախարարները կարևորել են իրավապայմանագրային դաշտի կատարելագործման անհրաժեշտությունը: Կողմերն արժևորել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և նշել, որ այն նոր լիցք կհաղորդի փոխշահավետ համագործակցության ընդլայնման համար:
Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին ներկայացրել է հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և դրա շրջանակներում նախատեսվող գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքները: Երկու արտգործնախարարները քննարկել են ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերը և այդ համատեքստում անդրադարձան Հայաստանի և Շվեդիայի նախաձեռնություններին։ Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստորմին նվիրեց շվեդ միսիոներուհի Ալմա Յոհանսոնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ մարդասիրական գործունեության մասին պատմող գիրքը։
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապաես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։