Արմինֆո. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական նիստում միաձայն ընդունվեց Աֆղանստանի միջազգային ջանքերի աջակցության մասին բանաձևը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպանությունից, փաստաթղթում հատուկ դեր է հատկացվում Աֆղանստանի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման միջոցառումներին:
Մասնավորապես, Անվտանգության խորհուրդն աջակցում է տնտեսական համագործակցությանը տարածաշրջանում և կոչ է անում բոլոր երկրներին այդ ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ աշխատանքներ: Նախաձեռնությունների թվում են` Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան գազատարի նախագիծը, Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա տրանզիտի, առևտրի և տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր («Լազուրիտ»); Թուրքմենստանից Աֆղանստանից երկաթուղու կառուցման նախագիծը:
Հիշեցնենք, որ «Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան» գազամուղի գործնական իրականացումը սկսվել է 2015 թ. դեկտեմբերին, իսկ վերջերս մեկնարկել է այդ գազամուղի աֆղանական հատվածի շինարարությունը: Միևնույն ժամանակ, սկսվել է «Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան» երթուղու էլեկտրահաղորդման գծերի և օպտիկամանրաթելային կապի նախագծի իրականացումը:
Թուրքմենստանը նույնպես մեծ աշխատանք է կատարում տրանսպորտի ոլորտում: Որպես օգնություն աֆղան ժողովրդին, արդեն կառուցվել և շահագործման է հանձնվել երկու նոր երկաթուղի - Քերքի-Իմամնազար-Ակին և Սերհեթաբաթ-Թուրքունի:
Հաշվի առնելով նման լայնածավալ գործունեությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բոլոր շահագրգիռ կողմերին կոր է անում ապահովել անվտանգ միջավայր և նպաստել արդյունավետ համագործակցությանը, որպեսզի իրականացվեն վերոնշյալ նախագծերը և համաձայնագրերը:
Աղբյուրը նշում է, որ Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևն ամրապնդում է և ավելի մեծացնում է Թուրքմենստանի դիրքերը և հեղինակությունը որպես ՄԱԿ-ի կարևոր գործընկերոջ: Փաստաթուղթը հնարավորություն է տալիս վստահորեն իրականացնել համատեղ երկարաժամկետ ծրագրեր: