Արմինֆո. «Ռոբերտ Քոչարյանը պետք է հստակ պատասխանի կոնկրետ հարցի՝ որտեղի՞ց իրեն այն տեղեկությունը, թե «Մարտի 1»-ին ցուցարարները դուրս էին գալիս մեքենայից հետևից, կրակում զինվորների վրա, ապա թաքնվում»: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությանը, որ հենց ինքն է /Փաշինյան/ մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը:
«Մարտի 1»-ի թեման, ինչպես հանրապետականներն են սիրում ասել, չի փակվելու։ Սա «Մարտի1»-ի սպանությունները բացահայտելու անկյունաքարն է։ Եթե որևէ մեկն ուզում է բացահայտել «Մարտի 1»-ի սպանություններն, ուրեմն պետք է Քոչարյանին տա այս շատ կարևոր և պրիմիտիվ հարցը»,- հայտարարել է Փաշինյանը:
Ինչ վերաբերում է մարտի 1-ի իրադարձություններին իր մասնակցությանը՝ Փաշինյանը հայտարարել է. «Մարտի 1-ին իմ դերակատարությունը հրապարակային է եղել՝ տասնյակ հազարավոր մարդկանց աչքի առաջ, նույնիսկ իմ հեռախոսազանգերը գաղտնալսված և հրապարակված են, իմ գործով դատավարությունն է եղել, միջազգային արձագանք է եղել»:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրավոր դիմել էր Հայաստանի գլխավոր դատախազին՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար։ Փաշինյանին, մասնավորապես, հետաքրքրել է այն հարցը, թե որտեղից Քոչարյանին տեղեկություններ այն մասին, որ ցուցարարները կրակ են բացել զինվորների վրա։ Ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 2rd.am-ին հարցազրույցում նշել է. «Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. «Մարտի 1»-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»: