Արմինֆո. Սերբիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ ընդդիմության առաջարկը:
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի բալկանյան ծառայությունը,
Օսմանյան Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևը այս անգամ ներկայացրել էր Սերբիայի նախկին վարչապետ Զորան Զիվկովիչը, ով ներկայումս գլխավորում է «Նոր կուսակցություն» քաղաքական ուժը: Զիվկովիչը կարևորել է այդ հարցում պաշտոնական Բելգրադի դիրքորոշումը հստակեցնելը՝ հիշեցնելով, որ 20-րդ դարի ամենամեծ այդ ողբերգությունը ճանաչել են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ամերիկյան նահանգների մեծամասնությունը:
Հատկանշական է, որ վերջին տասնամյակի ընթացքում նման առաջարկներ մի քանի անգամ ներկայացվել են Սերբիայի խորհրդարանում, սակայն դրանք միշտ մերժվել են: Բայց դա չի խանգարել Սերբիայի նախագահին 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: