Արմինֆո. Կովկասի տարածաշրջանում ռազմական անվտանգության ոլորտի ամենաթեժ կետը ղարաբաղյան հակամարտությունն է, և ՀԱՊԿ անդամ երկրների համար այդ տարածաշրջանում գոյություն ունեն մի շարք բավականին նշանակալի խնդիրներ: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը` մարտի 6-ին «Հիմնական սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգությանը՚ թեմային նվիրված Մոսկվա-Երևան- Աստանա-Բիշքեկ- Մինսկ հեռուստակամրջի ժամանակ:
Գեներալ-գնդապետը նշել է, որ բոլոր խնդիրները, առաջին հերթին, պայմանավորված են հակամարտության «սառեցմամբ՚ և այդ տարածաշրջանում իրենց դիրքն ամրապնդելու Նահանգների և Արևմուտքի մշտական ձգտմամբ: Սիդորովի ասելով, արևմտյան երկրների համար հիմնական հետաքրքրություն են ներկայացնում կասպյան և անդրկովկասյան ռեսուրսները: «Իսկ Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը վառոդի տակառ է` պատրաստ պայթելու ամեն վայրկյան՚, - նշել է ՀԱՊԿ միավորված շտաբի պետը: Նա նաև ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, այնուամենայնիվ, հանգեցրել է սահմանին լարվածության նվազման և ուղիներ է բացել հակամարտող կողմերի միջև երկխոսության հնարավոր զարգացման համար:
Ինչ վերաբերում է Արևելյան Եվրոպային, ապա, ինչպես նշել է Սիդորովը, այդ տարածաշրջանում հավաքական անվտանգությունն ապակայունացնող գործոններից մեկը լարված իրավիճակն է Ուկրաինայում: Արևելյան Եվրոպայում Ռուսատանի և Բելառուսի ռազմական անվտանգության համար գեներալ-գնդապետը ևս մեկ մարտահրավեր է համարել ռազմական ակտիվության աճը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից, մասնավորապես, Բրյուսելն ու Վաշինգտոնը, նրա ասելով, անտեսելով ստանձնած միջազգային պարտավորությունները, ռազմական կառավարման լրացուցիչ մարմիններ են ծավալում Լեհաստանում և մերձբալթյան երկրներում:
Ինչ վերաբերում է Մերձավոր արևելքի մարտահրավերներին, ապա, ՀԱՊԿ միավորված շտաբի պետի ասելով, ամենաթեժ կետերից մեկը մնում է Սիրիան: Կենտրոնական Ասիայում, Անատոլի Սիդորովի ասելով, սպառնալիքի հիմնական օջախներ են ինչպես ահաբեկչական խմբավորումների գործունեությունը, այնպես էլ դրա հնարավոր տեղափոխումը Կենտրոնական Ասիայի երկրներ, և տարածաշրջանում թմրանյութերի շրջանառության հնարավոր ավելացումը: Անդրադառնալով Աֆղանստանում առկա իրավիճակին` գեներալ-գնդապետը նշել է, որ այնտեղ գործում է շուրջ 70 000 գրոհային: «ԻԼԻՊ ներկայացուցիչների թիվը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում անընդհատ աճում է՚, - ընդգծել է Սիդորովը:
«Աշխարհի տարբեր թեժ կետերում, մասնավորապես, Սիրիայում, տվյալ պահին կա Կենտրոնական Ասիայի հանրապետություններից շուրջ 3000 գրոհային: Նրանց հայրենիք վերադարձը նպաստում է ահաբեկչական սպառնալիքների աճին տարածաշրջանում՚, - ընդգծել է գեներալ-գնդապետը: