Արմինֆո. Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ երկիր չէ, և պատերազմի դեպքում կազմակերպությունն Արցախին չի աջակցի: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը` մարտի 6-ին «Հիմնական սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգությանը՚ թեմային նվիրված Մոսկվա-Երևան- Աստանա-Բիշքեկ- Մինսկ հեռուստակամրջի ժամանակ:
Սիդորովը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիները կարող են վստահ լինել, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը Հայաստանին բարդ իրավիճակում չի թողնի: «ՀԱՊԿ բոլոր համաձայնագրերը ստորագրել է հենց Հայաստանի հետ, և կառույցը որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի հանդեպ՚, - նշել է գեներալ-գնդապետը: ՀԱՊԿ միավորված շտաբի պետը նաև հայտարարել է, որ տվյալ պահին Հայաստանի և Արդբեջանի միջև իրավիճակն այնքան լարված չէ, որպեսզի գործը հասնի այն բանին, որ երկու պետությունները մեկը մյուսի մայրաքաղաքը վերցնեն:
Սիդորովը նշել է, որ ՀԱՊԿ-ը լիազորություն չունի միջամտելու որևէ հակամարտության, որում ներքաշված է ՀԱՊԿ անդամ որևէ երկիր, քանի դեռ վերջինն օգնություն չի խնդրել կառույցից: Այն հանգամանքը, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներն աջակցություն են տրամադրում, չսպասելով օգնության խնդրանքի,նրա կարծիքով, այնքան էլ կոռեկտ չէ և ոտնահարում է այդ երկրների ինքնիշխանությունը: