Արմինֆո. Մարտի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ֆրանսիական Բուկ-Բել- Էր քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորությամբ։
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրերին՝ Մասիս Մայիլյանը երախտագիտություն է հայտնել Ռիչարդ Մալիեին` Ասկերան քաղաքի հետ ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման հարցում սկզբունքային և հետևողական դիրքորոշման համար։
Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը Արցախի Հանրապետության՝ միջազգային կապերի զարգացմանն ուղղված քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է Արցախում ֆրանսախոսության զարգացման կարևորությունը՝ ֆրանսերենին և ֆրանսիական մշակույթին հաղորդակից լինելու համար պայմանների ստեղծման տեսանկյունից:
Բուկ-Բել- Էրի քաղաքապետը, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու երկու ժողովուրդների միջև հարաբերությունները։ Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության գործնական ասպեկտների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման վերաբերյալ: Ասկերանի և Բուկ-Բել- Էրի միջև բարեկամության հռչակագիրը ստորագրվել է 2014 թ. նոյեմբերի 19-ին։