Արմինֆո.Ակնհայտ է, որ անցած 100 տարում Թուրքիայի քաղաքականությունն ամենևին չի փոխվել: Այդ մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ռուստամյանը նշել է, որ Անկարան ցույց է տվել իր իրական դեմքը, և Թուրքիայի հետ առանց նախապայմանների համագործակցությունն ուղղակի անհնար է, քանի որ այդ երկիրը ոչ կառուցողական քաղաքականություն է վարում: «Ավելին, տվյալ պահին Անկարան շարունակում է Օսմանյան Թուրքիայի քաղաքականությունը: Հայաստանն առանց այդ էլ մեծ զիջման է գնացել, քանի որ նախապայման չի առաջ քաշել՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու տեսքով: Մեզանից ավելին պահանջելու իրավունք ոչ ոք չունի, և հիմա մենք, իհարկե, ողջունում ենք Ցյուրիխյան արձանագրությունները չեղարկելու վերաբերյալ նախագահի որոշումը»,- նշել է պատգամավորը:
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարի խոսքով, քանի դեռ Հայաստանը սահմանակցում է Թուրքիային, անշուշտ, դիվանագիտական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտություն կա: «Սակայն, այդ հարաբերությունները պետք է այլ ձևաչափով լինեն, որտեղ կքննարկվեն երկու երկրների միջև գոյություն ունեցող բոլոր կոնֆլիկտների լուծման ուղիները: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման նման ձևաչափը կողջունվի ՀՅԴ ներկայացուցիչների կողմից»,- ընդգծել է Ռուստամյանը: