Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի է և փոփոխություններ չի կրել: Այդ մասին մարտի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի վերադարձի հարցին:
«ՌԴ դիրքորոշումը շարադրված է փաստաթղթերում, որոնք հասանելի են նաև ՌԴ ԱԳՆ կայքում: Եթե որեւէ նրբերանգում կամ իրադարձությունների զարգացում լինի, մենք կտեղեկացնենք»,- ասել է Մարիա Զախարովան:
Նշենք, որ պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս ընդգծել է բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի վերադարձի անհրաժեշտությունը, ինչն իր հերթին թույլ կտա խթան հաղորդել հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացին: Սակայն, դրա դեմ հանդես է գալիս Բաքուն: