Արմինֆո. Եվրոպայի խորհրդարանում անցկացվել է կոնֆերանս «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը 1988-2018. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը» թեմայով, որը կազմակերպել էին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպությունը և «Հայաստանի բարեգործական ընդհանուր միության եվրոպայի մասնաճյուղ»-ը («AGBU Europe»):
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ մամուլի ծառայությունից, ԵԽ անդամներն ու փորձագետները թեմատիկ քննարկում են ծավալել ԵՄ-ի` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում ներգրավվածության անցյալի ու ապագայի շուրջ, ինչպես նաև հանդես են եկել հետագա հնարավոր ներգրավվածության վերաբերյալ առաջարկներով: Միջոցառմանը, որը հյուրընկալել էր ԵԽ պատգամավոր (ԵԺԿ) Ֆրանկ Էնգելը, ներկա էին ավելի քան 200 մասնակից, այդ թվում` Եվրոպական խորհրդարանի անդամներ, դիվանագետներ, Եվրոպական հասարակական կազմակերպությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ և լրագրողներ: Կոնֆերանսը բաղկացած էր երկու նիստերից, որոնցից յուրաքանչյուրին ելույթ ունեցան երեքական խոսնակ: Առաջին նիստը, որի ընթացքում ելույթով հանդես են եկել ԵԽ պատգամավորներ Յորոմիր Շտետինան և Էլենի Տեոխարուսը, նվիրված էր 1988-1991 թթ.-ին Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ ԵՄ արձագանքներին: Պատգամավորները կիսվել են իրենց անձնական փորձով` որպես լրագրող և ռազմական վիրաբույժ, և վերահաստատեցին իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ:
Մասնավորապես, Շտետինան կարևորել է «պատմական արդարության զգացումը» Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, իսկ Տեոխարուսը կոչ է արել ԵԽ-ին հետագայում ևս նպաստել հակամարտության ընկալմանն ու խաղաղության գործընթացին: Լրագրող Ցվետլանա Պասկալևան անդրադարձել է իր անձնական փորձին` խոսելով այն մասին, թե ինչպես է պատերազմի ընթացքում` վաղ 90-ականներից մինչև 1994 թ. հրադադարի կնքումը, լուսաբանել Լեռային Ղարաբաղի ժողովրդի անցած ուղին: Երկրորդ նիստի ընթացքում խոսնակներն անդրադարձել են այն նախաձեռնություններին, որոնք ԵՄ-ն կարող է իրականացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը բարելավելու, լարվածությունը նվազեցնելու և վստահություն կառուցելու ուղղությամբ: Նրանք նաև քննության են առել ներկայացված 10 առաջարկները` ուղղված Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը և իրենց համաձայնությունը հայտնեցին ԵՄ-ի` տարածաշրջանում առավել ակտիվ ներգրավվածության վերաբերյալ:
Մասնավորապես, բոլոր խոսնակները համակարծիք էին, որ ԵՄ-ն առնվազն պետք է ներգրավվի ականազերզման աշխատանքներում` հումանիտար սկզբունքների հիման վրա: ԵԽ պատգմավոր Լարս Ադակտուսոն կոչ է արել Եվրոպական Միությանը ունենալու ավելի նախաձեռնողական դեր հակամարտության կարգավորման և մարդու իրավունքների հետ կապված հարցերում, ինչպես նաև` Հայաստանի և Ադրբեջանի հետ միասին բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցության խնդրում:
Պատգամավորը աջակցություն է հայտնել ԵՄ ներգրավվածությանը շփման գծում մոնիթորինգային տեխնիկայի մատակարարման հարցում, ինչը շարունակ մերժվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Նա շեշտել է, որ շրջափակումը խիստ բացասաբար է ազդում Լեռնային Ղարաբաղի երիտասարդ սերնդի վրա, օրինակ` զրկում է նրանց եվրոպական կրթական ծրագրերին մասնակցության հնարավորությունից: Պաուլ Միրթսը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննական վերլուծությունը և ընդգծել հակամարտող կողմերի միջև վստահության մեխանիզմների կառուցման կարևորությունը: Պրոֆեսոր Լիցինիա Սիմաոն շեշտել է ինչպես ԵՄ ներքին համակարգման, այնպես էլ ԵՄ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջև համագործակցության զարգացման նշանակությունը, հատկապես խաղաղապահ գործունեության առնչությամբ: Տիկին Սիմաոն ընդգծել է հիմնախնդրի նկատմամբ ամբողջական մոտեցման կարևորությունը, ինչպես նաև` հիմնարար խաղաղաշինության գործընթացում լարվածության աստիճանական լիցքաթափման անհրաժեշտությունը: Լսարանի հետ քննարկման ընթացքում շեշտվել է, որ անհրաժեշտ է մարտահրավեր նետել տարածաշրջանում գերիշխող, արմատավորված մոտեցմանը: