Արմինֆո. Եվրախորհրդարանում ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել՝ եվրոպացի պատգամավորների, փորձագետների և Հայ դատի բյուրոյի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Միջոցառման ընթացքում զեկույցներով հանդես են եկել Եվրախորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվասը և Լարս Ադաքթսոնը: Նրանք անդրադարձել են Սումգայիթի և Բաքվի ջարդերին:
Պատգամավորներն ընդգծել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության ակտիվացման անհրաժեշտությունը: Լարս Ադաքթսոնը, մասնավորապես, ընդգծել է եվրոպացի պատգամավորների կողմից Արցախ այցելության անհրաժեշտությունը՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:
Փորձագետ Ալֆրեդ դե Զայասն ընդգծել է, որ միջազգային նորմատիվ ակտերը հնարավորություն են տալիս Արցախի ինքնորոշման համար, իսկ փորձագետ Փոլ Ուիլյամսը նշել է, որ վերջին ժամանակներս ժողովուրդների ինքնորոշման իրավունքը սկսել է գերիշխել միջազգային իրավունքում: Նրա խոսքով, վերջին 20 տարում ձևավորվել է 25 նոր պետություն, իսկ Արցախն արդեն պետականության կայացման երկար ճանապարհ է անցել:
Արցախի փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանն իր հերթին ընդգծել է, որ Բաքուն պետք է հասկանա, որ առանց բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության, խնդիրը չի կարգավորվի:
Այսօր Եվրախորհրդարանում ղարաբաղյան խնդրին նվիրված ևս մեկ համանման միջոցառում տեղի կունենա: