Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական մեծամասնությունը ձախողել է «Ծառուկյան դաշինք» խմբակցության առաջարկած՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի ներառումն օրակարգում: Ներկայացված փաստաթղթի օգտին հանդես է եկել 39, դեմ՝ 56 պատգանավոր:
«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով, փաստաթղթով առաջարկվում է բացառել ընտրությունների ռեյտինգային համակարգը՝ անցում կատարելով բացառապես համամասնական ընտրակարգին: Ինչպես ընդգծել է պատգամավորը, այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում, վկայում է այդ ընտրակարգի փոփոխության անհրաժեշտության մասին:
Օրինագծի առնչությամբ համազեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ կառավարող մեծամասնությունը տվյալ փուլում հանդես է գալիս ներկայացված օրինագծի դեմ, քանի որ մինչև խորհրդարանական ընտրությունները ընտրութուններին մասնակցող քաղաքական ուժերի միջև փոխհամաձայնություն էր ձեռք բերվել գոյություն ունեցող ընտրակարգի շուրջ: «Քաղաքական ուժերի միջև փոխհամաձայնություն էր ձեռքբերվել, իշխանություներն ընդունել էին ընդդիմության չորս պահանջները, չէր ընդունել միայն մեկը: Այդ ընտրակարգի շուրջ քաղաքական համաձայնություն էր ձեռք բերվել: Դա կարևոր հանգամանք էր օրենսգրքի ընդունման ժամանակ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այդ փոխհամաձայնության կողմնակիցն էր, իսկ հետո համոզվեց, որ սխալվել է: Ճիշտ չէ մինչև ընտրությունները նման փոփոխությունների գնալ»,- հայտարարել է Արփինե Հովհաննիսյանը: