Արմինֆո. Ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը միշտ մնում է, համոզված է ղարաբաղյան և հետխորհրդային մյուս հակամարտությունների անգլիացի հետազոտող Թոմաս դե Վաալը:
«Բանն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն, անշուշտ, պատերազմ չեն ցանկանում: Ո՞վ կհանդգնի սկսել նման վտանգավոր դիմակայություն, որը կարող է հանգեցնել մարդկանց զանգվածային մահվան և ավերածության: Բայց, մյուս կողմից, կոնֆլիկտայնության աստիճանը շատ բարձր է. փոխադարձ սպառնալիքներ, բանավոր հայտարարություններ և ծանր զինատեսակների զանգվածային կուտակումներ շփման գծում: Այնտեղ առկա է շատ լուրջ ռազմականացում: Դա նշանակում է, որ ճակատի հրամատարները նույնպես ունեն իրենց կշիռը՚, - ասել է դե Վաալը «Էխո Կավկազա՚-ի հետ հարցազրույցում:
Նրա համոզմամբ, ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը բավականին լուրջ է, քանի որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ: Նա, միևնույն ժամանակ, փաստել է, որ եղել են հակամարտությունը կարգավորելու բավականին լուրջ փորձեր: Նրա կարծիքով, դրան պատրաստ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանը, ելնելով այն տրամաբանությունից, թե Հայաստանը չի զարգանա, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ: «Կարծում եմ, Հեյդար Ալիևը նույնպես, փաստորեն, պատրաստ էր հակամարտության կարգավորմանը: Սակայն այստեղ կա երկու պահ. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը գրերթե անլուծելի է, քանի որ կա երկու իրարամերժ վարկած. արդյոք այդ տարածքը կլինի Հայաստանի թե Ադրբեջանի մաս, և այստեղ շատ դժվար է, իհարկե, փոխզիջում գտնել: Երկրորդ պահը այն է, որ այստեղ հարցը լուծում են ոչ միայն ղեկավարները, այլև իր կարծիքն ունի հասարակությունը: Եվ ամեն մի ղեկավար, եթե ցանկանում է հակամարտությունը լուծել, պետք է գործի բավականին զգուշորեն. 1998 թվականին Տեր-Պետրոսյանը, որոշելով գնալ բ ավականին համարձակ քայլի` հաշտության հերթական ծրագրի ընդունման, գործնականում, հեռացվեց իշխանությունից՚, - հիշեցրել է վերլուծաբանը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այսօր կողմերն ունեն շփման կետեր, դե Վաալն ափսոսանքով փաստել է, որ դիրքերն անհամեմատ ավելի վատն են, քան այն ժամանակ, խուսավարելու տարածություն ավելի փոքր է, և այստեղ ամենասուր և ցավոտ հարցն այն է, որ հայերը վերահսկում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղը: «Կարծում եմ, որ բոլորը քիչ թե շատ հասկանում են, որ ցանկացած լուծման դեպքում Լեռնային Ղարաբաղը կմնա հայերի վերահսկողության տակ: Սակայն այստեղ առկա է նաև Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների հարցը, որոնք չեն եղել Լեռնային Ղարաբաղի մաս. Ադրբեջանի շրջանները, որոնք նույնպես հայկական զորքերի վերահսկողության տակ են: Իհարկե, Ադրբեջանը երբեք չի հաշտվի այդ տարածքների կորուստի հետ, որտեղ ապրել է կես միլիոն ադրբեջանցի, որոնք մինչ օրս փախստական են: Իսկ, մյուս կողմից, հայկական կողմը դրանք չի հանձնի, քանի դեռ չկան անվտանգության հաստատուն երաշխիքներ: Կարծում եմ, որ 20 տարի առաջ անհամեմատ ավելի դյուրին էր լուծել այդ հարցը` քան այժմ՚, - ամփոփել է վերլուծաբանը՚: