Արմինֆո. Հայկական ֆեշն-ինդուստրիան դեռ չի ձևավորվել, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Նորաձևության և դիզայնի պալատի նախագահ, դիզայներ Վահան Խաչատրյանը Գերմանիայի միջազգային
համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբի հիմնում» ծրագրի մեկնարկին նվիրված շնորհանդեսի ժամանակ: «Ֆեշն-ինդուստրիա հասկացություննն իրենց ներկայացնում է բոլոր մասնակցների ներդաշնակ աշխատանք, իսկ մեզ մոտ ոլորտ ներկայացնում են մի քանի մասնավոր ձեռնարկատերեր»,- ընդգծել է նա:
Նրա խոսքով, այսօր Հայաստանում մինչև 90 դիզայներ կա: «Ցավոք, նրանցից միայն մի քանիսն են ներկայացված միջազգային շուկայում և ունեն որոշակի հաջողություններ»,- նշել է նա: Դիզայները նշել է, որ ոլորտի զարգացմանը խոչընդոտում են բազմաթիվ խնդիրներ: Հիմնական խոչընդոտող գործոնների թվում նա նշել է արտադրության կազմակերպման հետ կապված բարդությունները, հումքի անբավարար քանակությունը, ներմուծման բարձր հարկերը և մաքսատուրքերը և այլն:
Խոսելով GIZ կողմից նախաձեռնության մասին՝ Վ. Խաչատրյանը նշել է մեծ հույսեր է կապում այդ ծրագրի իրականացման հետ: «Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբը հիմնվել է 2017 թ. դեկտեմբերին: Մենք դիմեցինք GIZ-ին և դրամաշնորհ ստացանք: Դա թույլ տվեց մեզ մեկնարկել ծրագիրը, որի շրջանակներում շահառուներին կտրամադրվի անհրաժեշտ բիզնես խորհրդատվություն գործունեություն ծավալելու համար: Իսկ պալատն իր կողմից կիրականացնի կրթական ծրագիր՝ դիզայներների որակավորումը բարձրացնելու նպատակով»,- ասել է նա: Մասնավորապես, Խաչատրյանի խոսքով, շահառուների համար Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ մշակվել են անգլերեն լեզվի մասնագիտացված դասընթացներ: Բացի այդ, դասախոսություններ, շնորհանդեսներ կանցկացվեն՝ ոլորտի միջազգային փորձագետների մասնակցությամբ: Նա բացատրել է, որ ծրագրի ավարտից հետո, Պալատի խորհրդի գնահատականի համաձայն, կընտրվեն լավագույն դիզայներները, որոնց աջակցություն կցուցաբերվի միջազգային շուկաներ ելքի ապահովման հարցում: «Հայ դիզայներներին պատրաստ են օգնել, այդ պատճառով մեր կողմից անհրաժեշտ է ապահովել որակ: Համոզված եմ, որ ծրագիրը խթան կհանդիսանա ոլորտի առաջմղման համար»,- ասել է նա:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող SMEDA ծրագրի շրջանակներում: «Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբի հիմնում» ծրագրի նպատակն է՝ Հայաստանի դիզայնի և նորաձևության ոլորտում հիմնել ստեղծագործական արդյունաբերության ընդհանուր հարթակ, ինչը կնպաստի տվյալ ոլորտի զարգացմանն ու մրցունակության խթանմանը: