Արմինֆո.«Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը քննարկել է պաշտոնատար անձանց ռոտացիայի իր մշակած երկարատեւ եւ խիստ այժմեական քաղաքականությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից, արդյունքում «Ժառանգության» վարչությունը Արմեն Մարտիրոսյանին ընտրել է նախագահ, Սուսաննա Մուրադյանին՝ փոխնախագահ եւ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ քաղաքական խորհրդի պատասխանատու: Վանիկ Ալեքսանյանը կշարունակի կատարել վարչության քարտուղարի, Անդրանիկ Գրիգորյանը՝ միջազգային հարցերով գլխավոր քարտուղարի եւ Գեւորգ Ղահրամանյանը՝ կուսակցության խոսնակի պարտականությունները:
«Ես համոզված եմ եւ հավատացած, որ այս նոր ղեկավարության ներքո «Ժառանգությունը» կշարունակի Հայաստանին եւ հայությանը ծառայելու իր առաքելությունը` հետապնդելով մեր իրավունքները, ինքնիշխանությունը եւ կենսական ազգային շահերը»,- ասել է Հովհաննիսյանը:
«Մենք «Ժառանգությունում» լավ գիտենք համեստության, մարդկայնության ու հայրենիքի իմաստը, եւ մեր քաղաքացի-հայրենակիցները թող վստահ լինեն, որ եթե մենք իսկապես ցանկանանք՝ ազատության եւ արդարության մեր որոնումն ի վերջո անպայման կհաղթանակի»,- եզրափակել է վարչության նորընտիր նախագահ Արմեն Մարտիրոսյանը: