Արմինֆո.Հրապարակվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության 2017 թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը: Հայաստանի ԿԸՀ 2017թ. արժեքն է 35 և նա Եթովպիայի, Մակեդոնիայի և Վիետնամի հետ միասին 180 երկրների շարքում կիսում է 107-ից 110-րդ տեղերը:
Նախորդ 2016թ. Հայաստանի ԿԸՀ համաթվի արժեքն էր 33 և այդ արժեքով նա 176 երկրների շարքում կիսում էր 113-ից 115-րդ տեղերը:
Մինչդեռ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը համոզված է, որ կարծիքները, թե Հայաստանը բարելավել է իր դիրքերը ԿԸՀ-ում, սխալ են: «Այն տարբերությունը որը մենք տեսնում ենք 2016 և 2017 թթ. տվյալներում, գտնվում է վիճակագրական սխալմունքի սահմաններում: Կոռուպցիայի դեմ պայքարում փաստացի առաջընթաց, որպես այդպիսին, չկա»,- ասել է Հոկտանյանը փետրվարի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ որում, նա ավելացրել է, որ վերջին ժամանակներս Հայաստանում ընդունվել են մի շարք հակակոռուպցիոն օրենքներ, սակայն խնդիրներ կան դրանց իրականացման ուղղությամբ: «Քաղաքական կամքի և համապատասխան կառույցների առկայությունը կոռուպցիայի դեմ հաջող պայքարի գրավականն է»,- ասել է Հոկտանյանը:
2017թ. կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) դասակարգել է 180 երկրներ և
տարածքներ ըստ այն բանի, թե փորձագետները և գործարարները որքանով կոռումպացված են ընկալում այդ երկրների հանրային ոլորտը (պետական և համայնքային մարմինները): ԿԸՀ-ն չափվում է 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է, որ այդ ոլորտն ընկալվում է բացարձակ կոռումպացված, իսկ 100-ը` բացարձակ մաքուր: 2017թ. համաթվերը ցույց են տալիս, որ աշխարհի երկրների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ արժեքները 50-ից փոքր են, իսկ ԿԸՀ միջին արժեքը հավասար է 43-ի:
2017թ. ԿԸՀ ամենաբարձր արժեքներ գրանցել են Նոր Զելանդիան և Դանիան`
համապատասխանաբար 89 և 88 միավոր: Ամենից ցածր արժեքներ գրանցել են Սիրիան, Հարավային Սուդանը և Սոմալին՝ համապատասխանաբար 14, 12 և 9: Տարածաշրջանների կտրվածքով ամենից լավ արդյունքները ցույց է տվել Արևմտյան Եվրոպան, որի ԿԸՀ միջին արժեքը հավասար է 66-ի: Ամենավատ արդյունքներ գրանցել են Անդրսահարյան Աֆրիկան (ԿԸՀ միջին արժեքը` 32) և Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան (ԿԸՀ միջին արժեքը`
34):
Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություններից այժմ զիջում է բալթյան հանրապետություններին և Վրաստանին, որի ԿԸՀ 2017թ. համաթիվը հավասար է 56-ի (2016թ. 57-ի փոխարեն կամ նահանջ 1 միավորով), որը դարձյալ ամենաբարձրն է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում, և Բելառուսին, որի ԿԸՀ-ն 2017թ. նույնպես ունեցավ բարելավում (2016թ. 40-ից մինչև 44 2017թ.` կամ աճ 4 միավորով):
Ինչպես և նախորդ տարիներին, Հայաստանը, շարունակում է զիջել նաև Թուրքիային (40՝ 2016-ի 41-ի փոխարեն), որը շարունակում է գրանցել էական նահանջ սկսած 2012-ից, երբ նրա ԿԸՀ արժեքը հավասար էր 49 միավորի: Հայաստանի մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի 2017թ. ԿԸՀ համաթվերը 2016թ. համեմատ բարելավվել են 1-ական միավորով, հավասարվելով 31-ի Ադրբեջանի դեպքում (122-ից 129-րդ տեղեր) և 30-ի Իրանի դեպքում (130-ից 134-րդ տեղեր)՝ առայժմ զիջելով Հայաստանին: Բելառուսից բացի, ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ԿԸՀ արժեքները շարունակում են ավելի ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ արժեքից: Մասնավորապես, Ռուսաստանի ԿԸՀ արժեքը մնացել է 29 միավոր (135-ից 142-րդ տեղեր): Այս տարի նրան հավասարվել է Ղրղզստանը՝ առաջադիմելով 1 միավորով: Ղազախստանի ԿԸՀ արժեքը ավելացել է 2 միավորով՝ դառնալով 31 (122-ից 129-րդ տեղեր):