Արմինֆո.Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու առաջարկություններին:
Ինչպես հաղորդում է նիդերլանդական NLTimes պարբերականը, երկու առաջարկություններն էլ ներկայացրել է «Քրիստոնեական միության՚ պատգամավոր Ջոել Ֆորդևինդը: Ընդունված փաստաղթերից մեկում ասվում է, որ Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, իսկ երկրորդում նշված է, որ առաջիկա ապրիլին հոլանդացի նախարար կամ պետնախարար պետք է այցելի Երևանի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր` մասնակցելու հիշատակի միջոցառումներին:
Պարբերականը, միևնույն ժամանակ, գրում է, որ Նիդերլանդների խորհրդարանի այդ որոշումը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի Նիդերլանդների և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացման:
Հավելենք, որ Նիդերլանդների այդ որոշումը միանգամայն սպասելի էր` թուրք-նիդերլանդական հարաբերություններում խորացող ճգնաժամի ֆոնին, որն սկսվել էր այն բանից հետո, երբ 2017 թվականի մարտի 11-ին Նիդերլանդներն արգելեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռի վայրէջքը Ռոտերդամում: Արգելվեց նաև Թուրքիայի ընտանիքի գործերի և սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթմա Բետուլ Սայան Քայայի մուտքը Նիդերլանդներ Գերմանիայից, ով մտադիր էր հանդիպում անցկացնել այդ երկրի թուրք համայնքի հետ: Իսկ Նիդերլանդների ոստիկանության աշխատակիցները շների և հեծյալ կարգախմբերի օգնությամբ ցրեցին Ռոտերդամում գլխավոր հյուպատոսության մոտ հավաքված հազարավոր թուրքերին, որոնք սատարում էին թուրք նախարարին: Ուշագրավ է, որ Նիդերլանդները նախապես թուրքական կողմին նախազգուշացրել էր, որ թուրք պաշտոնյաներին թույլ չի տա մասնակցել ակցիաներին: Թուրքիայի ԱԳՆ պահանջեց, որպեսզի Անկարայում Նիդերլանդների դեսպան Կոռնելիս վան Ռիժը, որն այն ժամանակ արձակուրդում էր, որոշակի ժամանակ չվերադառնա իր պարտականությունների կատարմանը: Ճգնաժամից հետո Թուրքիան մի շարք պայմաններ առաջադրեց նիդերլանդական կողմին, որոնց կատարումը թույլ կտար կարգավորել երկու երկրների հարաբերությունները: Սակայն Ամստերդամը հրաժարվեց ընդառաջ քայլերից և այս տարվա փետրվարի 5-ին որոշեց հետ կանչել Անկարայում իր դեսպանին: Նիդերլանդների արտգործնախարար Խալբե Զիյլստրան հայտարարեց, որ Թուրքիայի և Նիդերլանդների միջև դիվանագիտական խնդիրների կարգավորմանը նպատակուղղված վերջին բանակցություններն ապարդյուն անցան: Նրա ասելով, բանակցություններն այժմ կասեցված են: