Արմինֆո. Այսօր արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Ավագանու խորհրդի նիստում. ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցության խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը շշով կոյուղաջուր էր բերել և փորձել դնել քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին:
Սակայն, Մարգարյանը, գիտակցելով իրեն սպառնացող վտանգը, կարգադրել է Հանրապետական կուսակցության խմբակցության անդամներին կանգնեցնել Խաչատրյանին: Դրան փորձել են խոչընդոտել «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները, ովքեր բղավում էին, որ Ավագանու խորհրդի անդամները պետք է նույն թունավոր օդը շնչեն, ինչ Երևանի բնակիչները: Արդյունքում ՀՀԿ խմբակցությունից պատգամավորները բռունցքներով հարձակվել են «Երկիր ծիրանիի» կանանց վրա՝ ապտակներ հասցնելով: Ծեծկռտուքին միջամտել են «Ելք» խմբակցության անդամները, ովքեր փորձել են բաժանել Ավագանու խորհրդի անդամներին:
Արդյունքում Ավագանու խորհրդի նիստն ընդհատվել է, քաղաքապետարանի շենք են ժամանել Ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև հոգեբույժների խումբ: