Արմինֆո. Բուլղարիայի նախագահի Հայաստան այցն առանցքային դեր կխաղա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` փետրվարի 12-ին Երևանում Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ համատեղ մամուլի ասուլիցում:
Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս ողջունում են Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին Երևանում: «Սա Ձեր անդրանիկ այցն է Հայաստանի Հանրապետություն և այն, անշուշտ, առանցքային նշանակություն կունենա երկկողմ միջպետական հարաբերություններում` նոր լիցք հաղորդելով ամուր պատմամշակութային կապերի վրա խարսխված մեր համագործակցությանը՚, - ասել է ՀՀ նախագահը:
Նա գոհունակությամբ փաստել է, որ նախագահ Ռադևի հետ զրույցն ընթացել է ջերմ մթնոլորտում։ «Բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ, անդրադարձանք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային մի շարք հարցերի։ Վերահաստատեցինք հարաբերություններն ամրապնդելու երկուստեք հանձնառությունը և պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-բուլղարական երկկողմ և բազմակողմ համագործակցությանը նոր դինամիկա հաղորդելու ուղղությամբ: Այդ հանձնառության վկայություններն են նաև քիչ առաջ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ստորագրված փաստաթղթերը, որ համալրելու են մեր երկրների միջև ավելի քան 50 համաձայնագիր ներառող հարուստ իրավապայմանագրային դաշտը՚, - ասել է Ս.Սարգսյանը։
Նա Բուլղարիայի նախագահին շնորհավորել է Եվրոպական միության խորհրդում Բուլղարիայի նախագահության ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։ «Եվրոպական միությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, ուստի սա ևս մի ուղղություն է, որտեղ հայ-բուլղարական փոխգործակցությունը խորացնելու մեծ հեռանկարներ կան։ Հույս հայտնեցի, որ ԵՄ խորհրդում Բուլղարիայի նախագահությունը, ի թիվս այլ հարցերի, առաջընթաց կարձանագրի նաև Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում։
Բարձր գնահատեցինք մեր երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությունը միջազգային հարթակներում, որը նկատելիորեն դրսևորվում է մասնավորապես ՄԱԿ-ի կառույցներում միմյանց ցուցաբերվող աջակցությամբ։ Շահագրգռված ենք նույն ոգով շարունակելու խորացնել մեր բազմակողմ համագործակցությունը՚, - նշել է ՀՀ նախագահը։
Նախագահի ասելով, Բուլղարիայի իր պ;տոնակցի հետ քննարկել են տնտեսական ոլորտի հարցեր և գոհունակությամբ փաստել են, որ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները շոշափելի աճ են արձանագրել: «Միաժամանակ, ներուժը շատ ավելին է, և պետք է աշխատենք տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, շատ տարբեր ոլորտներում և, իհարկե, հաղորդակցության ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։ Գոհունակությամբ արձանագրեցինք նաև բուլղար գործարարների հետաքրքրության աճը Հայաստանում ընդլայնելու տնտեսական հնարավորությունները․ խոսքս թե՛ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության, Հայաստան-ԵՄ համագործակցության նոր դաշտի մասին է, թե՛ երկրում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող հնարավորությունների: Երկուստեք նշեցինք մշակութային կապերի ընդլայնման և մարդկային շփումների խրախուսման կարևորությունը: Հայ և բուլղար ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությունը սնելն ու ամրապնդելը մեր բարոյական պարտքն եմ համարում: Ի դեպ, պարոն Ռադև, շատ ուրախ եմ, որ ցանկություն եք հայտնել այցելելու «Թումո» ստեղծարարական կենտրոն։ Լիահույս եմ, որ այցը տպավորիչ կանցնի՝ ծնելով համագործակցության նոր գաղափարներ՚, - ընդգծել է Ս.Սագսյանը։
ՀՀ նախագահի հավաստմամբ, երկու երկրների նախագահներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին:.«Այդ կապակցությամբ ես նշեցի, որ մեզ համար չափազանց կարևոր է մեր գործընկերների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ընթացող գործընթացին, ինչը համահունչ է նաև ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը։ Կարևորում ենք, որ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ամրագրում է ԵՄ լիարժեք աջակցությունը Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը և նրանց կողմից առաջարկվող կարգավորման սկզբունքներին՚, ասել է նա։
Բուլղարիայի նախագահի հետ հանդիպումը գնահատելով արդյունավետ` Սերժ Սարգսյանը նշել է, որ իրենք հնարավորություն են ունենալու օրվա ընթացքում, ինչպես նաև վաղը նորից խոսելու երկկողմ հարաբերությունների զարգացման մասին և հույս է հայտնել, որ հայ-բուլղարական քաղաքական երկխոսությունն ու բազմոլորտ համագործակցությունը, արդեն իսկ ստեղծված նախադրյալների շնորհիվ, ավելի կընդլայնվեն և կզարգանան: «Ես նաև վերահաստատեցի իմ հրավերը պարոն նախագահին՝ աշնանը մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, և իհարկե, մեծ հաճույքով ընդունեցի պարոն նախագահի հրավերը՝ այցելելու բարեկամ Բուլղարիա՚, - եզրափակել է Հայաստանի նախագահը: