Արմինֆո.Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչկարյանը կարծում է, որ Ադրբեջանն այն երկրներից չէ, որտեղ ընտրությունները նշանակություն ունեն: «Այդ ընտրությունների արդյունքները միշտ կանխորոշված են, քանզի մենք գիտենք, թե դրանք ինչպես են կազմակերպում՚, - հայտարարել է Շավարշ Քոչարյանը` կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Փոխարտգործնախարարի ասելով, Ադրբեջանում արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը, նախևառաջ, պայմանավորված է այնտեղ ծավալվող ներկլանային գործընթացներով` հաշվի առնելով արտաքին քաղաքական գործոնները: «Եթե երկրում առկա է իշխանության համար ներքին պայքար, ապա ցանկացած տեղեկատվություն այն մասին, որ իշխանությանը դիմակայող կողմը կարող է ապահովել արտաքին ուժերի աջակցությունը և միջամտել այդ գործընթացին, ունի իր հատուկ ազդեցությունը՚, - հայտարարել է Քոչարյանը:
Պատասխանելով այն հրացին, թե արդյոք ակնկալվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների աշխուժացում` Հայաստանում և Ադրբեջանում ընտրական գործընթացների ավարտից հետո, փոխարտգործնախարարը նշել է. «Նայած` թե ինչ նկատի ունեք ասելով բանակցություններ՚: «Եթե մենք խոսում ենք բանակցային գործընթացում իրական առաջընթացի մասին, ապա դա ենթադրում է միջոցառումների իրագործում, որոնց մասին խոսվել է դեռ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Ակնհայտ է, որ առանց վստահության մթնոլորտի` առաջընթաց գրեթե անհնար է՚, - ընդգծել է նա:
Անդրադառնալով միջնորդների հերթական այցից ակնկալիքներին` Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ շատ քիչ ժամանակ է մնացել: Ամեն դեպքում, ինչպես նշել է ԱԳՆ ներկայացուցիչը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից և քննարկումներից հետո կողմերը հանդես կգան հայտարարություններով և մեկնաբանություններով: Այդուհանդերձ, նա կոչ է արել ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե ինչ կասեն միջնորդները, ինչի մասին են խոսում Հայաստանն ու Ադրբեջանը, հետո համեմատել ասվածը:
Հավելենք, որ փետրվարի 8-9-ին Երևան են ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Ինչպես հայտնի է դարձել ադրբեջանական ԶԼՄ-ներից, Երևան այցից առաջ միջնորդները եղել են Բաքվում: Նախատեսվում է միջնորդների այցը Արցախ: Հիշեցնենք նաև, որ փետրվարի 5-ին Ադրբեջանի նախագահը կարգադրություն է ստորագրել ապրիլի 11-ին պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Ադրբեջանի ընդդիմությունն արդեն հայտարարել է երկրի նախագահի արտահերթ ընտրությունները բոյկոտելու մտադրության մասին: