Արմինֆո. Ընթացիկ տարվա ապրիլին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունն Ալիևի վոլյունտարիզմի
հերթական դրսևորում է, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, հարևան Ադրբեջանում բավական հետաքրքիր գործընթացներ են նկատվում, որոնք ի ցույց են դնում այդ երկրի պետական համակարգի մի շարք թերությունները: «Հերթական անգամ տեսնում ենք, որ այդ երկրում ամեն բան գտնվում է մեկ մարդու՝ Ալիևի ձեռքում: Նա միանձնյա է կայացնում բոլոր որոշումները: Ծիծաղելի են նաև Ադրբեջանի իշխանությունների փաստարկները, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ընթացիկ տարվա մայիսից երկրում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ նվիրված ադրբեջանական պետականության ստեղծման 100-ամյակին, որոնք կտեևեն
ամբողջ տարին, այդ պատճառով ընտրությունների ամսաթիվն աշնանից գարուն տեղափոխելու որոշում է կայացվել»,- ասել է Բաբայանը:
Ըստ որում, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը գտնում է, որ արտահերթ ընտրությունների ամսաթվի տեղափոխման պատճառներից մեկը մարդու իրավունքների մասով Բաքվի նկատմամբ միջազգային ճնշումն է: Բաբայանը գտնում է, որ Ալիևն ստիպված կլինի տեղի տալ ճնշմանը և համաներում հայտարարել, ինչի արդյունքում մի շարք ընդդիմադիր գործիչեր ազատության մեջ կհայտնվեն ու կսկսեն ժողովրդական հուզումներ կազմակերպել: Իսկ դա, Բաբայանի համոզմամբ, մի շարք խնդիրներ կստեղծի Ալիևի համար ընտրություններում:
ԼՂՀ նախագահի ներկայացուցիչը համաձայն չէ նաև փորձագիտական կարծիքներին, որ
ընտրությունների ամսաթվի տեղափոխումը պայմանավորված է առաջնագծում իրավիճակը սաբոտաժի ենթարկելու մտադրությամբ: Նրա խոսքով, Ադրբեջանում ընտրական գործընթացները ոչ մի կերպ հակամարտության գոտում իրավիճակի հետ կապված չեն, սակայն հայկական կողմը միշտ պետք է զգոն լինի, քանի որ հակառակորդը կանխատեսելի չէ, և վերջինիս գործողությունները տրամաբանությունից զուրկ են:
Անդրադառնալով այն բանին, որ ադրբեջանական ընդդիմությունը մտադիր է բոյկոտել առաջիկա նախագահական ընտրությունները՝ Բաբայանը փաստել է, որ
Ադրբեջանը վաղուց արդեն էմիրություն է դարձել: «Ընտրություններին ընդդիմության չմասնակցելն անթույլատրելիէ, և ինչ-որ չափով նույնիսկ ապալեգիտիմացնում է ընտրական գործընթացը, սակայն էմիության համար դա որևէ նշանակություն չունի: Ավելին, ինչպես հայտնի է, այս տարի Ադրբեջանը նշում է պետականության ստեղծման 100-ամյակը, որից 50 տարի իշխանության ղեկին է Ալիևների կլանը, ինչը հերթական անգամ վկայում է այն մասին, որ այդ երկիրը վաղուց արդեն էմիրություն է դարձել: Եվ այդ երկրում ընտրությունները որևէ նշանակություն երկրի ժողովրդի համար չեն ունենա»,- ասել է Բաբայանը:
Փետրվարի 5-ին Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Դրանք նշանակված են 2018 թ. ապրիլի 11-ին: Ադրբեջանական ընդդմությունն արդեն հանդես է եկել արտահերթ ընտրությունները բոյկոտելու վերաբերյալ հայտարարությամբ: