Արմինֆո. Փետրվարի 2-ին Վրաստանի Զինված ուժերի Սաչխերեի Լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է «ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության» (PfP) ծրագրով հունվարի 15-ին մեկնարկած ձմեռային պատրաստության հերթական հիմնական դասընթացը։
Դասընթացին մասնակցել են նաև հայկական զինուժի զինծառայողներ: Ինչպես հաղորդել է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, դասընթացին մասնակցել են ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի 5 հոգուց բաղկացած խումբը, կապիտան Հարություն Գրիգորյանի հրամանատարությամբ: Փետրվարի 2-ին Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի ուսումնական հրամանատարությունը և ՀՀ ռազմական կցորդը դասընթացի
մասնակիցներին հանձնել են ավարտական վկայականներ: Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի պետ, փոխգնդապետ Իվանե Ցխադաձեն շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը՝ երկարատև համագործակցության համար: Հայաստանցի զինծառայողների հետ միասին պատրաստություն են անցնել նաև զինծառայողներ Լատվիայից և Լեհաստանից: Դասընթացին ընդհանուր առմամաբ մասնակցել է 12 մարդ:
Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Թբիլիսի պաշտոնական այցի շրջանակում կայացել էր Վրաստանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Լևան Իզորիայի և Վիգեն Սարգսյանի հանդիպումը, որի ընթացքում վրացական կողմը Հայաստանին առաջարկել էր մասնակցել Սաչխերե լեռնային պատարստության դպրոցի դասընթացին: