Արմինֆո. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների
ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրք Լորենցի գլխավորությամբ:
Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստի շրջանակներում, որտեղ քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցեր:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են 2017թ.-ի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ-ի և ԵՄ համապատասխան ենթակառուցվածքների միջև բնակչության պաշտպանության և պատրաստվածության ոլորտում համագործակցության նոր մեկնարկի և ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես՝ քննարկվել են համագործակցության իրականացման ձևաչափերը՝ փորձի փոխանակման և դասընթացների միջոցով արտակարգ իրավիճակների համակարգի ինստիտուտցիոնալ կարողությունների զարգացումը և օրենսդրական բարեփոխումների իրականացումը:
ԵՄ կողմը հաստատել է, որ այս տարի մարտ ամսին նախատեսվող «Բնակչության պաշտպանությանե եվրոպական ֆորումին հայաստանը հնարավորություն կունենա ներկայացնել բնակչության պաշտպանության ոլորտում իր առաջնահերթությունները: Իր խոսքում նախարար Տոնոյանը շեշտել է, որ ԱԻ նախարարության կողմից բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման ոլորտում առաջնահերթությունները հստակ նախանշված են և ԵՄ կողմից ակնկալվում է օժանդակություն դրանք
իրականացնելու ուղիների և գործիքակազմի կիրառման, ինչպես նաև՝ արդյունաբերական վտանգների տեխնիկական անվտանգության ապահովման գործընթացում: