Արմինֆո. Իտալիայի ոստիկանության կողմից «Ելք» ընդդիմադիր դաշինքից պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու ցանկության հետ կապված թյուրիմացությունը տեղում հարթվել է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է պատգամավորը:
«Քանի որ, ինչքան հասկացա, առավոտյան միջադեպի հանգուցալուծումը շատերը չէ, որ կռահել են, հարկ եմ համարում տեղեկացնել, որ թյուրիմացությունը հարթվել է հենց տեղում, երբ իտալացի ոստիկաններին փաստաթղթերով բացատրել եմ իմ ով լինելը: Հրապարակածս նկարում՝ ոստիկաններին youtube-ում ցույց եմ տալիս իմ բանտարկության, դատավարության տեսանյութեր, այդ թեմայով հրապարակումներ միջազգային մամուլում: Իհարկե, նրանք երկար պնդում էին, որ իրենց հետ գնամ ոստիկանություն, բայց բացատրեցի, որ չի լինի այդպես: Ի վերջո, մոտ 30 րոպեների ընթացքում ճշտումներ անելով, վերջում ներողություն խնդրեցին եւ հեռացան: Բայց ասեմ, որ բավական լուրջ օպերացիա էին կազմակերպել՝ մեծ թվով ոստիկանների եւ հատուկ ծառայությունների ներգրավմամբ:Երեւի մտածել էին, որ 2008-ից մինչեւ օրս Ինտերպոլից խուսափողը պետք է որ լուրջ հանցագործ լինի:)»,- գրել է խորհրդարանականը:
Նշենք, որ 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո Փաշինյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: 2009 թ. հուլիսի 1-ին նա ինքնակամ ներկայացել էր իրավապահ մարմիններին, ձերբակալվել և դատապարտվել 7 տարի ազատազրկման, սակայն համաներման արդյունքում նա ազատ էր արձակվել:Փաշինյանի հայտարարությունից հետո ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հավաստիացրել է, որ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են
բոլոր անդամ պետությունները: