Արմինֆո. ՀՀ ոստիկանությունն արձագանքել է «Ելք» ընդդիմադիր դաշինքից ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքներին, որ մինչև հիմա Ինտերպոլի գծով հետախուզման մեջ է գտնվում:
«ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, թե Իտալիայի ոստիկանությունը Հռոմում «պաշարել էե իր հյուրանոցային սենյակը` ձերբակալելու նպատակով: Ըստ Փաշինյանի` ոստիկանական գործողության համար հիմք է ծառայել Ինտերպոլի միջոցով 2008 թվականից իրեն որոնելու փաստը: Հայտնում ենք, որ 01.07.2009 թ` Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Այսօր առավոտյան Իտալիայում գործուղման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր իմ հյուրանոցի սենյակը՝ Հռոմում։Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ։ 2008 թվականից փնտրում-փնտրում ու չեն գտնում։)))»:
Նշենք, որ 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո Փաշինյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: 2009 թ. հուլիսի 1-ին նա ինքնակամ ներկայացել էր իրավապահ մարմիններին, ձերբակալվել և դատապարտվել 7 տարի ազատազրկման, սակայն համաներման արդյունքում նա ազատ էր արձակվել: