Արմինֆո. ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը գտնում է, որ ազգային հերոս Գարեգին Նժդեհին ֆաշիզմի հետ նույնացնելը շահարկումներ են: Այդ մասին Նալբանդյանը հայտարարել է՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայում անցկացված կլոր սեղանին,
որտեղ քննարկվել է Երևանում Նժդեհի արձանի քանդման հարցը:
«Դրանք որոշ մեր հակառակորդների շահարկումներն են, և պետք չէ ընկնել ծուղակը: Հայաստանն ամենատարբեր մակարդակներով հանդես է եկել այդ առնչությամբ հայտարարություներով, և ավելացնելու բան չկա»,- ասել է նա: Ռուսաստանի Պետդումայում կայացել է կլոր սեղան-քննարկում ՝«Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմայով, որի ընթացքում միջոցառման մասնակիցները հայտարարել են Երևանում Գարեգին Նժդեհի արձանը քանդելու անհրաժեշտության մասին: Կլոր սեղանի ժամանակ ադրբեջանամետ հայացքներով հայտնի քաղաքագետներ Սերգեյ Մարկովը, Դիոնիս Կապտարը մատնանշել են այն փաստը, որ Հայաստանը «այն երկրների թվում է, որտեղ այսօր կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ, թեև Երևանը ներկայանում է որպես Մոսկվայի ռազմավարական գործընկեր»: Սերգեյ Մարկովը հայտնել էր նաև, որ Երևանում Նժդեհի արձանը քանդելու վերաբերյալ Change.org կազմակերպված հանրագիրն ավելի քան 200 հազար մարդ է ստորագրել:ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ադրբեջանական հետք է տեսնում «ռուսաստանյան որոշ մարգինալ շրջանակների» գործունեությունում: Նա հավաստիացրել է, որ այդ գործընթացները Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը չեն արտացոլում:
«Նժդեհը մեր ազգային հերոսն է, և մեր ինքնիշխան գործն է՝ կանգնեցնել նրա արձանը, թե ոչ, այլ ժողովուրդների դա չի վերաբերում: Ինչպես և Ռուսաստանի ինքնիշխան գործն է՝ կանգնեցնել, ասենք, Կուտուզովի արձանը, թե ոչ»,- ասել է Շարմազանովը:
Անդրադառնալով Հիտլերի ֆաշիստական ռեժիմին հանցակցելու վերաբերյալ Նժդեհի հասցեին մեղադրանքներին՝փոխխոսնակը հիշեցրել է, որ ժամանակին ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի հրահանգով արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոլոտովը համագործակցության ու չհարձակման մասին պայմանագիր է ստորագրել գերմանացի իր գործընկերոջ հետ: «Ստացվում է, որ Ստալինին՝ Մոլոտովի հետ միասին, նույնպես պետք է մեղադրել ֆաշիզմին հանցակցության մեջ»,- հարց է տալիս ԱԺ փոխնախագահը:
Հիշեցնենք, որ 2016 թ. մայիսի 28-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի արձանի բացումը, որի մասնակցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հուշարձանի տեղադրումը հարուցել է Մոսկվայի ոչ միանշանակ արձագանքը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել էր. «Բոլորն են քաջատեղյակ ֆաշիզմի, նեոնացիզմի կամ նացիզմի հերոսացման ցանկացած արտահայտությունների նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման մասին: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել այդ արձանը, չէ՞ որ բոլորս էլ տեղյակ ենք Հայրենական պատերազմում հայ ժողովիդի հերոսական մասնակցության
մասին՚:
Գարեգին Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան, 1886-1955թթ.) ականավոր հայ պետական և
ռազմական գործիչ է, ով 20-րդ դարասկզբին պայքարել է հանուն Հայաստանի կայացման և նրա տարածքային ամբողջականության պահպանման: Նա հայ ժողովրդի ազգային նույնականության պահպանում քարոզող ուսմունքի (Ցեղակրոն) հեղինակն է: Հենց Գարեգին Նժդեհի և նրա ծավալած պայքարի շնորհիվ Հայաստանը կարողացել է պահպանել Սյունիքի մարզը: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Գարեգին Նժդեհը սկսել է համագործակցել Գերմանիայի իշխանությունների հետ` նպատակ ունենալով կանխարգելել Թուրքիայի ներխուժումը Խորհրդային Հայաստան և, գերմանացիների կողմից Անդրկովկասի գրավման դեպքում, Գերմանիայի օգնությամբ հնարավորության սահմաններում վերականգնել Հայաստանի անկախությունը: Իսկ ԽՍՀՄ հաղթանակից հետո նա պատրաստակամություն է հայտնել մարտնչելու Խորհրդային Միության կողմից` Թուրքիայի դեմ հնարավոր գործողության դեպքում: Սակայն ավելի ուշ կալանավրովել է խորհրդային իշխանությունների կողմից և մահացել է բանտում` 1955 թվականին: