Արմինֆո. «Միջազգային մակարդակի քաղաքական կարևոր իրադարձություններից հետո Ադրբեջանը միշտ սադրանքներ է կազմակերպում Արցախի հետ շփման
գծում:
Նման բան տեղի է ունենում թե Սարգսյան-Ալիև, թե Նալբանդյան-Մամեդյարով
հանդիպումներից հետո: Դրանից կարող ենք եզրակացնել, որ բանակցությունների սեղանի շուրջ ադրբեջանական կողմը մեկ բան է ասում՝ բոլորովին այլ բան անում: Այդ մասին դեկտեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հունվարի 25-ի գիշերն ադրբեջանական դիվերսիոն փորձին:
Փոխխոսնակը նշել է, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց մաքսիմալիստական մտածողությամբ փակուղի են մտցրել իրենց, և այժմ չեն կարողանում ելք գտնել դրանից: Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական երկխոսության: «Միջազգային հանրությունը պետք է օգնի Ադրբեջանին՝ հրաժարվել այդ քաղաքականությունից: Ադրբեջանցիներն իրենց իսկ ռասիստական քաղաքականության զոհն են դարձել»,- հայտարարել է պատգամավորը:
Շարմազանովը նաև զուգահեռ է անցկացրել ԱՀ իշխանությունների և 3-րդ ռեյխի ֆաշիստների
հայտարարությունների միջև՝ նշելով, որ նրանց միջև կա որոշակի գաղափարախոսական նմանություն:
«Այդ հայտարարությունների նմանությունը դրսևորվում է նաև այն բանում, որ ադրբեջանցիները հանդես են գալիս ոչ միայն Հայաստանի, այլ հայկական ամենի բանի՝ խաչքարերի, հուշարձանների դեմ»,- ընդգծել է պատգամավորը: Շարմազանովը հայտարարել է, որ անհրաժեշտ է ամեն ճանապարհով հասնել տարածաշրջանում խաղաղության: «Մենք ուղղակի պարտավոր ենք Ադրբեջանին կառուցողական դաշտ բերել և հասնել տարածաշրջանում խաղաղության»,- ասել է նա:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ հունվարի 25- ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են: