Արմինֆո. Որպես, կանոն, բանակցություններից առաջ և հետո Բաքուն ակտիվանում է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
ԼՂՀ հետ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման վերջին փորձը փոխնախարարը կոչ է արել դիտարկել՝ Կրակովում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման որոշ արդյունքներից անբավարարվածության համատեքստում: Նրա խոսքով, տվյալ դեպքում կարելի է միայն ենթադրություն անել, որ նախարարների վերջին հանդիպման արդյունքները, որում Ադրբեջանն ստիպված էր որոշակի քայլեր անել՝ ուղղված
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի թիմի ընդլայնմանը, ձեռնտու չեն իրեն:
«Ադրբեջանն այդպիսով իր դժգոհությունն է հայտնում: Բայց, մյուս կողմից՝ Բաքուն
ստիպված է գնալ դեռ Վիեննայի պայմանավորվածություններով նախատեսված քայլերին»,- նշել է Քոչարյանը; Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությանը, թե Ադրբեջանը որևէ սահմանափակում չունի Ռուսաստանից զենք գնելու հարցում և որը կլինի Երևանի հնարավոր պատասխանը՝ Շավարշ Քոչարյանը հայտարարել է. «Հայաստանն իր հերթին ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի ռազմական բալանսը՝ ներառյալ նաև օգտվելով մեր դաշնակից Ռուսաստանի հնարավորություններից: Ըստ որում, սպառազինություն է ստանում շատ ավելի մատչելի գներով»:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում,
արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:
Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են: