Արմինֆո. Արցախի հետ շփման գծում սադրանքով Բաքուն փորձում է ուշադրություն շեղել և կոմպենսացնել իր դիվանագիտական անհաջողությունները:
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝
անդրադառնալով հունվարի 25-ի գիշերն ադրբեջանական դիվերսիոն փորձին:
«Բաքուն փորձում է կոմպենսացնել իր անհաջողությունները դիվանագիտությունում և միջազգային ասպարեզում, ուշադրությունը շեղել Ադրբեջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում խախտումներից: No pasaran»,- գրել է Բալայանը:
Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:
Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են: