Արմինֆո.Ներկայիս գլոբալ մարտահրավերների համատեքստում առավել քան խոցելի են մեր երկրների տնտեսությունները: Արդյունքում սոցիալական արդարության և բարեկեցության խնդիրները հանրային ուշադրության կիզակետում են հայտնվում։
Մեր տարածաշրջանի բարդ իրողություններն իրենց հերթին սահմանափակում են տնտեսական աճի ներուժը: Ուստի մենք ձգտում ենք լավագույնս օգտագործել առկա բոլոր հնարավորությունները, այդ թվում նաև՝ ինտեգրացիոն կառույցների ընձեռածները։ Այդ մասին հունվարի 24-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հինգ տարի առաջ՝ 2013 թվականին Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումից քիչ անց, շատերը, այդ թվում՝ այս դահլիճում, թերահավատություն էին հայտնում Հայաստանի հանդեպ։ Սակայն Հայաստանն ապացուցեց, որ ի զորու է համատեղելու տարբեր ինտեգրացիոն կառույցներում իր ներգրավումը և նույնիսկ դառնալու համագործակցության օրինակելի մոդել։ Ուղիղ երկու ամիս առաջ՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը նախատեսում է համագործակցության բոլորովին նոր որակ։ Եվ Հայաստանի լիարժեք ինտեգրումը ԵԱՏՄ կազմում բնավ խոչընդոտ չհանդիսացավ:
Մենք այսօր շարունակում ենք ակտիվորեն ընդլայնել մեր միջազգային ներգրավումը նաև այլ ուղղություններով: Մեզ համար համագործակցության յուրատեսակ հարթակ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը թե՛ մարդու իրավունքների առաջխաղացման, թե՛ լեզվամշակութային տեսանկյուններից։ Մեր երկրին ընձեռվել է այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Երևանում հյուրընկալելու պատիվը։
Գագաթնաժողովն անցկացվելու է «Ապրել միասինե կարգախոսի ներքո և նախատեսվում է համանուն դաշնագրի ընդունում՝ ուղղված մարդու իրավունքների, միջմշակութային և միջկրոնական երկխոսության ամրապնդմանը»,- ասել է նախագահը: