Արմինֆո. Երևանում ընթանում է «Ելք» դաշինքի երթն՝ ընդդեմ թանկացումների: Ակցիայի մասնակիցները՝ շուրջ երեք հազար մարդ, անցնում են Երևանի կենտրոնական փողոցներով՝ վանկարկելով «Իջեցում», «Ոչ թանկացումներին և թալանին»:
Ակցիայի մասնակիցները Երևանի փողոցներով հրելով տանում են ՎԱԶ 21-01 մակնիշի կանաչ
ավտոմեքենա, որը, «Ելք» դաշինքի առաջնորդներից մեկի՝ Նիկոլ Փաշինյանի խոսքով, խորհրդանշում է Հայաստանի տնտեսությունը, որին մշտապես անհրաժեշտ է «բրդել»: «Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանը խորհուրդ տվեց վարորդներին բենզինի փոխարեն անցնել գազի օգտագործման, քանի որ վերջինս թանկացել է, բայց քանի որ բենզինի հետ միասին թանկացել է նաև գազը, Հայաստանի քաղաքացիներին ոչինչ չի մնում, քան հրելով տանել իրենց ավտոմեքենաները»,- հայտարարել է Փաշինյանը:
Երթի սկզբում ակցիայի մասնակիցներին դիմել են «Ելք» դաշինքի առաջնորդները: Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ մի շարք ապրանքների գների բարձրացման պատճառը նոր Հարկային օրենսգիրքն է, որի համաձայն, բարձրացվել են մի շարք հարկատեսակներ, որոնք հանգեցրել են հանրապետությունում համընդհանուր թանկացումների: «2018 թ. հունվարից բարձրացել են դիզելային վառելիքի, բենզինի, սեղմված գազի գները, ինչը կհանգեցնի մնացած բոլոր ապրանքների գների բարձրացման: Դա ամենևին կապված չէ Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության անդամակցության հետ, այլ՝ պայմանավորված է հարկերի բարձրացմամբ: Եթե մենք միավորվենք, կհաջողվի ստիպել իշխանություններին փոխել այդ Հարկային օրենսգիրքը»,- հայտարարել է Մարուքյանը:
Պատգամավոր Արամ Սարգսյանն իր հերթին հայտարարել է, որ դա թանկացումների դեմ պայքարի միակ և գործուն միջոցն է:
«Եթե մենք անգործության մատնվենք, ոչինչ չի փոխի: Շուտով ավելի շատ քաղաքացիներ, մարզերի բնակիչներ փողոց դուրս կգան, իսկ մենք, որպես ընդդիմություն, ձեռքներս զարկերակի վրա կպահենք: Սա նոր քաղաքական գործըթնացի սկիզբ է»,- նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ իշխանությունների դեմ պայքարի միակ միջոցը բողոքի փողոցային ակցիաներն են: «Վերջին ժամանակներս հաճախ եմ լսում արտահայտություն, թե մեր երկրի բնակիչները, հասարակությունը հիասթափված է և հուսահատվել է: Այդպես ասելով՝ էլ ավելի հիասթափված և հուսահատ եք դառնում, իսկ այդպես մենք ոչինչի չենք հասնի: Մարտին, ապրիլին մեզ կմիանան ուրիշ մարդիկ, ովքեր չեն կարողանա լուծել իրենց տարրական խնդիրները, գյուղացիները, ովքեր չեն կարողանա մշակել հողերը, քանի որ ի վիճակի չեն լինի դիզելային վառելիք գնել տրակտորների համար: Եթե երկրի ղեկավարությունը տեսնի, որ մեզ շատ մարդ է միացել, կհասկանա, որ իշպանության
վերարտադրությունն այնքան էլ հեշտ բան չէ, քանի դեռ հասարակությունը պայքարում է դրա դեմ»,- ասել է պատգամավորը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր Հայաստանի նախագահի եղբայր Լևոն Սարգսյանն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Ի պատասխան՝ բոլոր մասնակիցները սկսել են վանկարկել՝ «Ամոթ, ամոթ»: Ինչպես նշել է պատգամավորը, ընդամենը 4 տարվա ընթացքում Լևոն Սարգսյանը ստացել է սկզբում գիտությունների թեկնածուի, իսկ հետո՝ դոկտորի գիտական աստիճան: «Մեզ մնում է կռահել, թե վերջին տարիներին գիտական ինչպիսի հաջողություններ է արձանագրել Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը: Չնայած նա արժանի է Գիտությունների ակադեմիայի նախագահի պաշտոնին, քանի որ «մաթեմատիկական գիտությունների դոկտոր և պորֆեսոր է»»,- ասել է Փաշինյանը: Նա նաև ընդգծել է, որ «Ելք» դաշինքի քայլերի նպատակը ժողովրդի աղքատացման գործըթնացի կասեցնումն է:
«Թանկացումներ և հարկերի բարձրացումը նշանակում է, որ քաղաքացիներն ավելի շատ կախված կլինեն 10 հազար դրամ նախընտրական կաշառքներից: Մեր նպատակն է՝ հանել մարդկանց այն փոսից, որում հայնվել են Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի շնորհիվ: Մեզ պետք է, որպեսզի դուք հավատաք ինքներդ ձեզ: Մենք ընդամենը տեխնիկական միջոց ենք այդ ճանապարհին, ձեր ճակատագիրը դուք եք տնօրինելու: Հավատացեք ձեր ուժերին: Մեր նպատակը հստակ է. մենք պետք է ստիպենք խորհրդարանական մեծամասնությանը՝ իջեցնել գները»,-եզրափակել է պատգամավորը: