Արմինֆո. Անցած 25 տարվա ընթացքում Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները չեն հասել այն մակարդակին, որին այսօր ձգտում են Երուսաղեմն ու Երևանը, սակայն
վերջին ժամանակները բարենպաստ մթնոլորտ է ստեղծվել երկու երկրների միջև համագործակցությունն ու մերձեցումն ընդլայնելու համար, կարծում է Հայաստանում Իսրայելի առաջին դեսպան, «Հայաստան-Իսրայել՚ հասարակական ֆորումի անդամ, Երուսաղեմի Հրեական համալսարանի պրոֆեսոր Բարուհ Բեն Ներիան:
«Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները, որոնց ժողովուրդները պատմականորեն դրական են վերաբերվել Իսրայելին, առանձնակի դեր են խաղացել ԽՍՀՄ փլատակներին ստեղծված պետությունների հետ դիվանագիտական, տնտեսական և այլ հարաբերությունների ընդլայնման մեր ձգտումում: Իսրայելը նաև փորձել է
իսրայելամետ քաղաքական տարածություն ստեղծել այդ շրջաններում` նվազեցնելով Իրանի ազդեցությունը:Հարավային Կովկասն այն երկրների և տարածաշրջանների խաչմերուկն է, որոնք գրավում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ԵՄ և Չինաստանի ուշադրությունը, իսկ Մերձավոր արևելքին նրա մոտ լինելն զգալի ազդեցություն է գործում համաշխարհային կայունության և գլոբալ փոփոխությունների վրա` ընդհանուր
առմամբ՚, - նշում է պրոֆեսորը «Մաարիվում՚ հրապարակված իր հոդվածում:
Նրա գնահատմամբ, դեռ 90-ական թվականներից Իսրայելը դարձել է կարևոր աշխարհաքաղաքական խաղացող Հարավային Կովկասում` տարբեր մակարդակի ինտենսիվության հարաբերություններ հաստատելով և զարգացնելով Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ: Դիվանագետը համոզված է, որ Իսրայելի կողմից Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների իրականացումը Երուսաղեմում գտնվող ոչ ռեզիդենտ դեսպանի միջոցով, բնականաբար, արտահայտվում է փոխադարձ տնտեսական և քաղաքական գործունեության սահմանափակ ծավալներով: Այն նախադրյալների թվում, որոնք Իսրայելի ղեկավարությանն ստիպում են խուսափել Երևան այցերից, դիվանագետը
նշել է Իսրայելի և Թուրքիայի ռազմավարական համագործակցությունը մինչև 2010 թվականի մայիսը, երբ թուրքական «Մավի Մարմարա՚ նավը փորձեց ճեղքել Գազայի հատվածի ռազմածովային շրջափակումը:
Իսրայելի համար կարևոր ռազմավարական և քաղաքական գործոն դարձավ Ադրբեջանը: Երուսաղեմը երկար ժամանակ ձեռնպահ էր մնում Երևանի հետ իր հարաբերությունները քարոզելուց` Բաքվի հետ համագործակցությանը
չվնասելու նպատակով, որն Իսրայելի համար աննախադեպ նշանակություն ունի` իսլամական աշխարհի հետ հարաբերություններ կառուցելու առումով: «Այդուհանդերձ, 2012 թվականին Իսրայելի գյուղատնտեսության նախարար Օրիտ Նոկետի այցը Հայաստան իսկական ճեղքում դարձավ մեր հարաբերություններում: Այդ այցի ընթացքում քննարկվել և ստորագրվել են որոշակի նախագծեր գյուղատնտեսության, տեխնոլոգիաների և տնտեսության ոլորտներում, ձկնորսական և ներդրումային ռիսկերի ապահովագրության բնագավառում: Այն բանից
հետո, երբ բարեկամության համապաատսխան խմբի ղեկավար դարձավ Քնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը, աշխուժացան նաև մեր երկրների միջև միջխորհրդարանական հարաբերությունները՚, - ամփոփել է իսրայելցի դիվանագետը: