Արմինֆո. «Ելք» և «Ծառուկյան» ընդդիմադիր դաշինքները չեն կարողանում փոխհամաձայնության գալ նախագահի միասնական թեկնածուի շուրջ համախմբվելու հարցում:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, իրենք նամակ են ուղարկել «Ծառուկյան» դաշինքի ղեկավարությանը՝ նախագահի միասնական թեկնածու առաջադրելու շուրջ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու առաջարկով: «Մինչդեռ դաշինքում հավաստում են, որ մեր նամակը չեն ստացել: Բայց դա ճիշտ չէ, ես անձամբ տեսել եմ այն «Ծառուկյան» դաշինքի քարտուղար Վահե Էնֆիաջյանի ձեռքում»,- հայտարարել է Փաշինյանը՝ ընստ որում ընդգծելով, որ ավելի վաղ «Ելք» դաշինքն այս կամ այն պաշտոնի թեկնածությունների քննարկման ժամանակ նախապատվությունը տվել է «Ծառուկյան» դաշինքից ներկայացուցիչներին՝ խորհրդարանում ընդդիմության դիրքերն ամրապնդելու նպատակով: «Մինչդեռ մեր ջանքերը չեն գնահատվել: Այսօր ընդդիմությունից նախագահի պաշտոնում թեկնածու չառաջադրելը նշանակում է խաղամիավորներ զիջել կառավարող Հանրապետական կուսակցությանը»,-նշել է Փաշինյանը՝ բացառելով հնարավորությունը, որ ՀՀԿ-ն կկարողանա նախագահի պաշտոնում առաջադրել այնպիսի թեկնածուի, որին կաջակցի «Ելք» դաշինքը:
Նշենք, որ «Ելք» դաշինքն ավելի վաղ հայտարարել էր նախագահի պաշտոնում պատգամավոր, ղարաբաղյան պատերազմի մասնակից Արտակ Զեյնալյանին առաջադրելու մասին և դիմել էր «Ծառուկյան» դաշինքին՝ միասնական թեկնածուով հանդես գալու առաջարկով: Մինչդեռ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ դաշինքը մտադիր չէ նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել, քանի որ մեծամասնություն չի կազմում խորհրդարանում , իսկ պարտվել ինքը չի սիրում:
Մինչդեռ Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ ընտրություններում կառաջադրի այնպիսի թեկնածուի, ով ունի լավ հեղինակություն, կշիռ և քաղաքական հետք հայկական պետականության կայացման գործում: Ըստ օրենքի, Հայաստանի նախագահի ընտրությունները պետք է տեղի ունենան փետրվարի 28-ից մինչև մարտի 10-ը, սակայն խորհրդարանում քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մարտի 2-ին, այսօր հայտնել է Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքով, կառավարող մեծամասնությունը նախագահի թեկնածության քննարկմանը ձեռնամուխ կլինի արդեն ընթացիկ շաբաթից:
Հայաստանի նախագահի լիազորությունները լրանում են ընթացիկ տարվա ապրիլի 9-ին: Բարեփոխված Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի նախագահին այսուհետ կընտրի խորհրդարանը՝ ձայների 35-ով: Եթե նախագահին չհաջողվի ընտրել առաջին փուլում, ընտրության համար անհրաժեշտ ձայների շեմը նվազեցվում է: