Արմինֆո. Հայաստանի նախագահի ընտրությունները,ամենայն հավանականությամբ, տեղի կունենան մարտի 2-ին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշել է, որ ըստ օրենքի, Հայաստանի նախագահի ընտրությունները պետք է տեղի ունենան
փետրվարի 28-ից մինչև մարտի 10-ը, սակայն խորհրդարանում քվեարկությունը, ամենայն
հավանականությամբ, տեղի կունենա մարտի 2-ին: Բաղդասարյանը հայտնել է նաև, որ կառավարող մեծամասնությունը նախագահի թեկնածության քննարկմանը ձեռնամուխ կլինի արդեն ընթացիկ շաբաթից:
Հայաստանի նախագահի լիազորությունները լրանում են ընթացիկ տարվա ապրիլի 9-ին: Բարեփոխված Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի նախագահին այսուհետ կընտրի խորհրդարանը՝ ձայների 35-ով: Եթե նախագահին չհաջողվի ընտրել առաջին փուլում, ընտրության համար անհրաժեշտ ձայների շեմը նվազեցվում է:
Առայժմ միայն «Ելք» ընդդիմադիր դաշինքն է հրապարակել նախագահի ընտրություններում իր թեկնածությունը՝ պատգամավոր, ղարաբաղյան պատերազմի մասնակից Արտակ Զեյնալյան:
Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել էր, որ ՀՀԿ-ն ընտրություններում կառաջադրի այնպիսի թեկնածուի, ով ունի լավ հեղինակություն, կշիռ և քաղաքական հետք հայկական պետականության կայացման գործում: