Արմինֆո. «Մեր ընդդիմադիր խմբակցությունները չեն կարող աշխատել միահամուռ կերպով, նրանց ձայները խորհրդարանում նշանակալի դեր չեն խաղում և մեծ կշիռ չունեն: Ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Ելք» և «Ծառուկյան», միավորման դեպքում միայն կառավարությունը կլսի նրանց»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման դեմ «Ելք» դաշինքի առաջիկա բողոքի ակցիաներին:
Ըստ որում, նա թերահավատորեն է վերաբերել բողոքի սպասվող ակցիաներին՝ նշելով, որ նման մեթոդներով հազիվ թե հաջողվի ազդել իշխանությունների վրա գների նվազեցման հարցում: Նրա խոսքով, գնաճի զսպման գործում ծանրակշիռ դեր ունի կառավարությունը, որը պետք է համապատասխան կանխարգելիչ քաղաքականություն իրականացնի: «Եթե թանկացել է Նոր Զելանդիայից կարագի գինը, Հայաստանի կառավարությունը պետք է խթանի հայրենական կարագի արտադրությունը: Սակայն, Հայաստանի կառավարությունն այլ խնդիրներով է զբաղված»,- նշել է Պողոսյանը:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի այն հարցին, թե թանկացումների դեմ «Ելք» դաշինքի բողոքի ակցիաները կարող են արդյոք հանգեցնել Իրանում իրադարձությունների կրկնման՝ փորձագետն ընդգծել է, որ Իրանում ամեն բան ինքնաբուխ է տեղի ունեցել, մինչդեռ «Ելք» դաշինքի ակցիաները պլանավորված են: Սակայն, հայ հասարակությունում նույնպես հաստատուն բողոքական զանգված կա: «Եթե կառավարությունը զիջումների գնա և բավարարի սպառողների պահանջները, հնարավոր է դրանով ամեն բան ավարտվի: Սակայն, եթե իշխանությունները ոչինչ չձեռնարկեն, ապա դժվար է կանխատեսել, թե ինչի այդ ամենը կվերածվի: Երբ սկսվեն բողոքի ակցիաներ, և մենք տեսնենք դրանց մասշտաբներն և իշխանությունների արձագանքը, այդ ժամանակ հնարավոր կլինի ինչ-որ կանխատեսումներ անել»,- ասել է Պողոսյանը:
Հունվարի 19-ին՝ ժամը 17:00-ին, «Ելք» դաշինքը կազմակերպում է երթ՝ ընդդեմ թանկացումների։ Նշենք, որ 2018 թ. հունվարի 1-ից Հայաստանում տեղի է ունեցել մի շարք ապրանքների գների զգալի աճ՝ թռչնամսի, կարագի, բենզինի, հեղուկ գազի, սպիրտային խմիչքների, ձվի, շաքարի և այլն: Բացի այդ, մոտ ժամանակներս սպասվում է նաև ծխախոտի գնի բարձրացում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թանկացումը կապված է ավելի քան 800 ապրանքատեսակի մաքսատուրքերի ավելացման հետ: Թանկացումները հիմնականում պայմանավորված են այն բանի հետ, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգիրքը: Դա ենթադրում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ապրանքների մաքսատուրքերի ավելացում: