Արմինֆո. Հայաստանի լիազոր կառույցները չեն ցանկանում մանրամասնել 18-27 տարեկան արական սեռի քաղաքացիների` առանց զինգրքույկի առկայության երկրից մեկնումն արգելելու մասին կառավարության որոշումը:
Նշենք, որ այդ որոշումը մեծ հակազդեցություն է հարուցել հանրապետությունում, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ, որոնց վրա տարածվում է այդ որոշումը, այդ մասին պատշաճ չեն իրազեկվել: Հանրապետության ավիադրամարկղերում տոմսերը վաճառվել են առանց որևէ սահմանափակման, և միայն օդանավակայանում են քաղաքացիները տեղեկացել նոր արգելքի մասին` այստեղից բխող բոլոր հետևանքներով:
Սակայն, ոչ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում, ոչ հանրապետությունում գործող ավիաընկերություններում, ոչ էլ, նույնիսկ, Պաշտպանության նախարարությունում չեն ցանկացել մեկնաբանել այդ որոշումը` սլաքներն ուղղելով մեկը մյուսի վրա: Այս կամ այն կառույցից այդ առնչությամբ մեկնաբանություն ստանալու ԱրմԻնֆո-ի թղթակցի բոլոր փորձերը կասեցվել են դրանց ներկայացուցիչների «կոմպետենտ՚ պատասխանով. «Մենք այդ որոշման հետ առնչություն չունենք, դրա համար պատասխանատվություն չենք կրում: Խնդրում ենք զանգահարել Ոստիկանություն, Պաշտպանության նախարարություն, ԱԱԾ և այլուր՚:
Սակայն, ԱրմԻնֆո-ին, այնուամենայնիվ, հաջողվել է պարզել, որ որոշումը նախաձեռնել է Պաշտպանության խարարությունը, իսկ դրա իրագործման եղանակներն ու կարգն ամրագրվել են բոլոր վերը նշված կառույցներին:
«Բանն այն է, որ նախորդ զորակոչերի ընթացքում հայտնաբերվել են ակնհայտ դեպքեր, երբ զորակոչիկը, գտնվելով Հայաստանում, խուսափում է զորակոչից, իսկ հետագայում, ներկայանալով զինկոմիսարիատ, որպես պատճառ նշում է հանրապետությունից բացակայելու փաստը` ներկայացնելով անձնագրում համապատասխան կնիքը: Բնականաբար, լիազոր կառույցներին հանձնարարվել է վերացնել նման դեպքերը, իսկ այդ հանձնարարության իրագործման կարգն ամրագրվել է այդ կառույցներին: Արդյունքում` ընտրվել է առանց զինվորական գրքույկի կամ տարկետման վերաբերյալ տեղեկանքի առկայության զորակոչային տարքի արական սեռի քաղաքացիների մեկնումը հանրապետությունից արգելելու եղանակը՚, - բացատրել է ԱրմԻնֆո-ի աղբյուրը:
Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի 18-27 տարեկան արական սեռի քաղաքացիներն այսուհետև չեն կարող երկրից մեկնել` առանց զինգրքույկ ներկայացնելու: Նոյեմբերի 2-ին կառավարիության ընդունած համապատասխան որոշումն ուժի մեջ է մտնում և սկսում է գործել միայն զորակոչի ժամանակ: Մինչդեռ, ԱրմԻնֆո-ի աղբյուրները հաղորդել են, որ, հնարավոր է, որոշումը կիրառվի նաև զորակոչային շրջանից դուրս:
«Հարգելի ուղևորներ, Հայաստանի Հանրապետության կառավարության N 1386 որոշման համաձայն զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրվում է միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում՚, - ասվում է «Արմենիա՚ ավիաընկերության հայտարարությունում: