Արմինֆո.Արցախն ինքնորոշվել է ոչ թե Ադրբեջանից, այլ՝ Խորհրդային Միությունից: Այդ մասին դեկտեմբերի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները:
ՀՀ ԱԺ փոխնախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել: «Արցախն ինքնորոշվել է մինչև Խորհրդային Միության փլուզումը՝ նույն իրավական հիմունքներով, ինչ ԽՍՀՄ անդամ այլ պետություններ, այդ թվում՝ այն երեք պետությունները, որոնք այսօր Եվրամիության անդամ են՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա, ինչպես Հայատանն ու Վրաստանը: Բայց ինչպես է ստացվել, որ միութենական հանրապետությունների առնչությամբ այդ իրավունքն ընդունվում է, իսկ Արցախի առնչությամբ՝ ոչ: Արցախի չճանաչումը կասկածի տակ է դնում միութենական հանրապետությունների ինքնորոշման լեգիտիմությունը, այդ թվում՝ նրանց, որոնք ԵՄ անդամ են»,- ասել է խորհրդարանականը:
Միաժամանակ Շարմազանովը նշել է, որ հայկական կողմը բազմիցս ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության արդյունավետ լուծման համար անհրաժեշտ առաջին հերթին վերացնել դրա պատճառները, այլ ոչ թե՝ հետևանքները: Նա նաև հիշեցրել է, որ Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրում կա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դրույթ, որտեղ հստակ գրված է, որ ԵՄ երկրներն ընդունում են հակամարտության կարգավորումը՝ երեք հիմնարար սկզբունքների՝ ուժի չգործադրման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա: