Արմինֆո. Պաշտպանության նախարարությունում տեր ու տիրականը և տանտերը միշտ պետք է լինի պաշտպանության նախարարը. վայ այն երկրին, որտեղ դա այդպես չէ, «Շանթ» հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Զինվորականության հետ իմ հարաբերությունները՝ ինչպես այս տարվա ընթացքում, պաշտպանության նախարար եղած ժամանակ, այնպես էլ դրանից շատ ավելի վաղ` հանրապետության նախագահի աշխատակազմում աշխատելիս, մինչ այդ՝ ծառայելիս պաշտպանության նախարարությունում, միշտ փայլուն են եղել, որովհետև ես խորը հարգանք եմ տածում այն նվիրումի նկատմամբ, այն հայրենասիրության նկատմամբ, որով իրենց կյանքն ապրում են մեր բանակի սպաները: Դա շատ ծանր, շատ պատվաբեր մասնագիտություն է և իրոք, համադրության մեջ, եթե նայենք նույնիսկ բոլոր այլ մասնագիտությունների մեջ միջին ցուցանիշներով, վստահ եմ, որ ամենաորակյալ, ամենահետևողական քաղաքացիները դա հենց բանակի սպաներն են: Բայց ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի և շտաբի պետի հարաբերություններին, դա առհասարակ մտացածին հակադրություն է։ Այդպիսի հակադրություն չպետք է և չի կարող գոյություն ունենալ: Դա պաշտպանության համակարգի համար ամենախոցելի, ամենավտանգավոր դրսևորումը կլիներ: Այդպիսի հակադրությունը տեսականորեն կարող է ունենալ մի քանի աղբյուր. դրանցից ամենաառաջինը և ամենավտանգավորն այն է, եթե պաշտպանության նախարարը, ինչպես նաև շտաբի պետը, զինվորական են: Այդ դեպքում պաշտպանության նախարար և շտաբի պետ ունենալու փոխարեն մենք ունենում ենք երկու շտաբի պետ, և բնական մրցակցություն է սկսվում, թե ում հրամանատրումը զորքի նկատմամբ ավելի ուղղակի ներազդեցություն ունի խնդիրների լուծման վրա։ Իսկ մեր Սահմանադրությամբ երկրի գլխավոր զինվորականը շտաբի պետն է: Այդտեղ որևէ հակասություն չի կարող լինել: Շտաբի պետը երբեք չի կարող արդյունավետ կառավարել զորքը, եթե չունի պաշտպանության նախարարի լիարժեք վստահությունը և չի կատարում այն ամբողջ աշխատանքը` գնումների, ռազմաքաղաքական երկխոսության այլ երկրների հետ, պետական կառավարման համակարգում պաշտպանության համակարգի դերի կոնսոլիդացիայի, առանց որի զինված ուժերի զարգացումն անհնար է: Պաշտպանության նախարարը երբեք չի կարող լինել արդյունավետ, եթե չի հենվում գիտակ և կարող շտաբի պետի վրա: Դա ուղղակի պաշտպանության ոլորտի կառավարման աքսիոմա է»,- ասել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե պարաստ է արդյոք նա իր կուսակցական ընկերների տղաներին ուղարկել առաջնագիծ, Սարգսյանը հայտարարել է. «Իմ կուսակցական ընկերները և իմ գործընկերները, ի պատիվ իրենց, այլ ոչ թե ինձ, պետք է ասեմ, որ իմ նախարար եղած ժամանակ երբևէ չեն դիմել ինձ խնդրանքներով՝ իրենց որդիներին տեղավորելու այս կամ այն զորամասում: Ես կարծում եմ, որ դա ժամանակի մեջ ավելի ու ավելի հստակ է երևալու: Դա գործընթաց է, դա մեկ օրվա խնդիր չէ: Դա ընդհանուր միջավայրի, նաև ծառայության նկատմամբ վերաբերմունքի ձևավորման խնդիր է»: