Արմինֆո. Նախօրեին Հայաստանի կառավարության կողմից հատկացված 300 մլն դրամ միջոցները կուղղվեն տիեզերական հետախուզության միջոցների զարգացմանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցչի խոսքով, մնացած ողջ տեղեկատվությունը գաղտնի է և ենթակա չէ հրապարակման:
Նշենք, որ նախօրեին ՀՀ կառավարության կողմից որոշում է ընդունվել «Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով Հայաստանի 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 300 087.3 հազ .դրամ հատկացնելու վերաբերյալ: Ինչպես նշվում է փաստաթղթին կից հիմնավորման մեջ, ՀՀ կառավարության 16.11.2017թ. որոշմամբ հիմնադրված «Գեոկոսմոսե փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում որպես ներդրում փոխանցվող գույքի արժեքը սահմանված է 419 000 000 դրամ, այդ թվում` 300 087 340 դրամը դրամական միջոցների տեսքով, իսկ 118 912 660 դրամը գույքի տեսքով: Նպատակը՝ «Գեոկոսմոսե ՓԲԸ-ի ընդունիչ կայանի ծրագրատեխնիկական համալիրի աշխատունակ վիճակի բերելու համար արդիականացման և շահագործման կառավարման կարգավորման նպատակով պայմանների ապահովումն է: